5745 դիտում
10:27 23-04-2019
Ոստիկանները բացահայտել են «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Մհեր Դերձյանը 2018 թվականին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու նախնական դիտավորությամբ, որպես բարերար ներկայանալով՝ վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և շուկայականից ցածր գներով, անտոկոս, սեղմ ժամկետներում էկո բնակարաններ կառուցելու ու տրամադրելու կեղծ խոստմամբ, խաբեությամբ, մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք:
Նա հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով համացանցով տարածել է իր ծրագիրը և հավաքագրել մի շարք քաղաքացիների: Վերջիններիս աշխատանքով ապահովելու և անվճար բնակարան տրամադրելու կեղծ խոստում տալով, պահանջել է 2018 թվականի հոկտեմբերից կատարել ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների գրանցում:
Այդ նպատակով Երևանի մի քանի փողոցներում վարձակալելով գրասենյակներ՝ կատարել են տասնյակ հազարավոր քաղաքացիների գրանցում և դիմումի լրացման համար գանձել 50-ական, իսկ հետագայում ստեղծվելիք կոոպերատիվի համար՝ ևս 1000-ական դրամ գումարներ: Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելուց և սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո Մհեր Դերձյանը 2018 թվականի նոյեմբերի 6-ին հիմնել է «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվը և ընտրվել նախագահ:
Առաջնահերթ կարգով տներ տրամադրելու կեղծ պատրվակով նա հորդորել է կոոպերատիվի անդամներին կոոպերատիվի բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ, խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018-ի դեկտեմբերին, ինչը չկատարելուց հետո խոստացել է կառուցել և հանձնել 2019-ի մարտին:
Արդյունքում՝ քաղաքացիների կանխավճարներով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին է փոխանցվել ավելի քան 8.000.000 դրամ:
Դերձյանը հաշվեհամարին մուտքագրված գումարի մի մասով, բնակելի թաղամաս կառուցելու նպատակով, Զովունիում ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ինչի նպատակային նշանակությունը չի փոխել և շինարարություն չի կատարել: Հաշվեհամարին մնացած ավելի քան 1.400.000 դրամը կանխիկացվել և հափշտակվել է:
Շարունակելով հանցավոր մտադրությունը՝ Մհեր Դերձյանի պահանջով 2018 թվականի դեկտեմբերից 2019-ի մարտ ստեղծվել են «Մի կտուրի տակ» անվանումով 9 սպառողական կոոպերատիվներ, որոնք փաստացի ղեկավարվել են Մհեր Դերձյանի կողմից, սակայն որպես կոոպերատիվի նախագահ ընտրվել են այլ մարդիկ:
2018 թվականի դեկտեմբերին Մհեր Դերձյանը թողնելով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի նախագահի պաշտոնը՝ հիմնել և նախագահել է «Մի կտուրի տակ կուլտուր կենցաղային աջակցության ազգային միություն» հասարակական կազմակերպությունը, որի անունով բացվել է առանձին բանկային հաշվեհամար: «Մի կտուրի տակ» կոոպերատիվներին անդամակցելու և արտոնյալ պայմաններով բնակարաններ տրամադրելու խոստմամբ Դերձյանը քաղաքացիներին հորդորել է հասարակական կազմակերպության հաշվեհամարին փոխանցել անդամակցության վճար՝ 2000-ական դրամի չափով, ինչպես և տարբեր չափերի կանխավճարներ:
Արդյունքում՝ ավելի քան 500 քաղաքացիներ վստահելով Մհեր Դերձյանին, շուրջ 3.500.000 դրամ են փոխանցել հաշվեհամարին, որից ավելի քան 1.550.000 դրամը կանխիկացվել ու հափշտակվել է:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2274 դիտում
21:49 09-08-2019
Ոստիկանները բացահայտել են Արաքսավան համայնքի ղեկավարի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2269 դիտում
20:21 03-09-2019
Ոստիկանները բացահայտել են Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15160 դիտում
22:39 31-10-2019
Ոստիկանները բացահայտել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ