211652_close_icon
views-count27906 դիտում article-date 20:56 27-04-2019

Նաիրա Զոհրաբյան. Պաշտոնյայի հերոսական որդին «Ամբերդում» հազարամյա տապանաքարերից հանված մարդկային ոսկորները համարել է լրագրողների կերած խաշի ոսկորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ամբերդ ամրոցի» արգելոցի պահպանման գոտում տեղի ունեցած խայտառակ շինարարությանն ու վանդալիզմին: «Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին և «օբյեկտ» է կառուցում: Իսկ Մանուկի հերոսական որդին հազարամյա տապանաքարերից հանված մարդկային ոսկորները համարել է լրագրողների կերած խաշի ոսկորներ: Լրագրող իմ գործընկերների բարձրացրած աղմուկի պատճառով ևս մեկ պատմամշակութային վանդալիզմ առայժմ կասեցվեց։ Ոմն Մանուկ Մանուկյան, ով, հանկարծ չուշաթափվեք՝ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է, սեփականաշնորհել է Հայաստանի ամենաբացառիկ մշակութային կոթողներից մեկի՝ Ամբերդի պահպանման գոտու տարածքը, տրակտոր ու ծանր տեխնիկա լցրել և որոշել էր Ամբերդի քթի տակ սեփական բիզնես օբյեկտը բացել, որը կոչվելու էր «Ամբերդ Թոնիր»։ Ինչպես պատմեցին հարակից գյուղերի բնակիչները, Մանուկի տրակտորը արդեն հասցրել է ոչնչացնել բազմաթիվ հնեաբանական գտածոներ, որովհետև տրակտորի «քաղհան» արված հատվածներում դուրս են եկել խեցեղենի կտորներ, տապանաքարերի կտորներ և մարդկային ոսկորներ։ Ո՞վ է Մանուկ Մանուկյանին տվել սեփականության այդ իրավունքը՝ ոչ ոք չգիտի։ Չգիտի նաև Բյուրականի համայնքապետը, ով միայն հիշում է, որ Մանուկը սեփականության վկայական հաստատ ունի։ Ի դեպ, երբ մի քանի օր շարունակ ծանր տեխնիկան Ամբերդի պահպանման գոտում վանդալիզմ էր իրականացնում, Բյուրականի համայնքապետը տեղյակ չի եղել, որովհետև իրեն ոչ ոք այդ մասին չի ասել։ Եվ միայն լրագրողներ Նարինե Կիրակոսյանի, Գագիկ Շամշյանի և մեր մյուս գործընկերների օպերատիվ արձագանքից հետո մշակույթի նախարարությունը ժամանակավորապես կասեցրել է Ամբերդի պահպանման գոտու վանդալիզմը։ և այսպես՝ հույս ունենանք, որ մշակույթի դեռևս գործող նախարարությունը ոչ թե ժամանակավորապես, այլ ընդհանրապես կկասեցնի աննախադեպ այս վանդալիզմը։ Սա առաջին։ Երկրորդ՝ հույս ունենանք, որ կառավարությունը շատ արագ կպարզի, թե ո՞վ է Մանուկ Մանուկյանին «շնորհել» սեփականության այդ իրավունքը։ և երրորդ՝ թե՛ սեփականության իրավունք տվողը և թե՛ Մանուկ Մանուկյանը օրենքի առաջ կկրեն իրենց պատասխանատվությունը։ Իսկ Արագածոտնի մարզպետին չէր խանգարի, որպես սկիզբ՝ ազատել Մանուկ Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից», եզրափակել է պատգամավորը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/23/1123044/?fbclid=IwAR39ufgn5nxTxofyJ6tn824adm1VgzoWHj0ZO_A0l0kTztU50nei1QVjlOc]SHAMSHYAN.com[/url]-ը, բազմաթիվ ահազանգեր էին եղել քաղաքացիներից, ովքեր իրենց մտահոգությունն էին հայտնել Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ինչ-որ անձի կողմից ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում խնդրով մտահոգ քաղաքացիներն ասել էին. «Դարերով կանգուն է մնացել Ամբերդը: Դարձել է տուրիստների համար Հայաստանի տեսարժան վայրերից մեկը ու հիմա ինչ-որ Մանուկ Մանուկյան որոշել է Ամբերդի քթի տակ ծանր տեխնիկայով ավիրել պատմամշակութային տարածքը, որտեղ ինչ-որ սննդի օբյեկտ է կառուցելու: Մենք չգիտենք, արդյոք նա օրինական է գործում թե ոչ, իսկ եթե օրինական է, ապա վայ էն չինովնիկին, ով շինարարության թույլտվություն է տվել: Այստեղ տապանաքերեր են եղել ու հիմա դրանք չկան: Մանուկի ագահության ու թեթև ձեռքի շնորհիվ արգելոցում խուժանանոց է կառուցվելու: Ինչ սպասես մի մարդուց, ով նախանձից դրդված փորձում է Բյուրական գյուղի «Ամբերդ» ջոկատի հրամանատար Վաչիկ Հովսեփյանի անվան հուշաքարը, որը տեղադրվել է 2018 թ.-ին, հանի, պատճառաբանելով, թե հուշաքարը իրենից արժեք չի ներկայացնում, որպեսզի այն մնա 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում: Թեպետ մի քիչ կասկածում ենք: Սա, մեր կարծիքով, վանդալիզմ է ու այս հարցով պետք է հրատապ զբաղվեն ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ինչու չէ, նաև՝ Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ Ամբերդը ազգային հարստություն է»,- նշել էին Ամբերդի մոտ հավաքված քաղաքացիները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր