1465 դիտում
21:12 29-04-2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Պատգամավորների պալատի պատվիրակության հետ
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների կողմից ժողովրդավարությունը որպես բացարձակ արժեք ընդունելու եւ կարեւորելու սկզբունքն իրապես նոր հարթության վրա է դնում հայ-չեխական հարաբերությունները: Պատգամավորը կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման:
Գայանե Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել Չեխիային միջազգային տարբեր կառույցներում Հայաստանի համար կարեւոր հարցերում աջակցության համար: Նա մասնավորապես բարձր է գնահատել 2017թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը` հույս հայտնելով, որ խորհրդարանի Վերին պալատը եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ երկրների կողմից վավերացման գործընթացի մասին՝ խմբի ղեկավարն արժեւորել է այն քայլերը, որոնք Չեխիայի խորհրդարանն իրականացրել է այդ ուղղությամբ:
Անդրադառնալով մեր երկրի դատական համակարգում սպասվող փոփոխություններին՝ Գայանե Աբրահամյանն այս հարցում արժեւորել է Չեխիայի տասնամյակների փորձի ուսումնասիրումը:
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդան նույնպես կարեւորել է հայ-չեխական խորհրդարանական համագործակցության խորացումը, խոսել Չեխիայում հայ համայնքի ակտիվ գործունեությունից:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ Մարեկ Բենդան հույս է հայտնել, որ խնդիրը մոտ ապագայում կլուծվի խաղաղ ճանապարհով:
ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը, խոսելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության մասին, կարեւոր է համարել այս հարցում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը: Պատգամավորը հույս է հայտնել, որ Չեխիան դրական եւ կառուցողական դիրքորոշում կունենա: Արման Եղոյանը հրավիրել է չեխ խորհրդարանականներին՝ մասնակցելու այս տարվա օգոստոսի 6-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք համահայկական խաղերի բացմանը:
Նմանատիպ նյութեր
1022 դիտում
22:00 26-09-2014
Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Սենատի նախագահի հետ
902 դիտում
19:25 09-03-2015
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի պատգամավորների պալատի փոխնախագահի հետ
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21265 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու