Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. ՈՒՂԻՂ
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: «[url=https://armenpress.am/arm/news/973135.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ այն 17-րդն է միության կազմավորումից հետո:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում, 2019թ. փետրվարի 1-ին: Նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/973135.html]կայքում[/url]։