1540 դիտում
14:34 30-04-2019
Արցախի հարցում խուսափողական քաղաքականություն, պետական խորհրդանիշների հեղինակազրկման արշավ. ՀՅԴ-ն խոստանում է լուսարձակի տակ պահել իշխանություններին
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել՝ ամփոփելով Հայաստանի կազմակերպության 23-րդ գերագույն ժողովը, ներկայացնելով կուսակցության առանձնացրած ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրները:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է երկիրն ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները:
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է.
1. 2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ:
2. Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է և չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։
3. Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը:
4. Զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը:
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը հաստատում է.
1. ՀՅ Դաշնակցությունը՝ համահայկական կառույցի իր ամբողջ ներուժով, շարունակելու է գործել «Զարգանալ` չզիջելով» ռազմավարական նպատակադրումով:
2. Հավատարիմ կուսակցության սոցիալիստական գաղափարախոսությանը` Դաշնակցությունը հետամուտ է լինելու հանրային համերաշխության և ընկերային արդարության հաստատման հրամայականին:
3. Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` Դաշնակցությունը շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հանդես գալով որպես աշխատավորության, միջին խավի և սոցիալապես խոցելի խմբերի պաշտպան` հետևողականորեն պահանջելով կառավարությունից` Հայաստանում ապահովել սոցիալական պետության սահմանադրական պահանջի իրականացումը։
4. Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական լիակատար պետության կայացման»:
Նմանատիպ նյութեր
26017 դիտում
16:00 12-10-2017
Օրվա կադր... Ադրբեջանի պաշտպանության նախարարի խուսափողական ու վախեցած կեցվածքը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի կողքին
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան