1732 դիտում
19:38 02-05-2019
Միկելե Բոն. Հայ ֆուտբոլիստները տաղանդավոր են
ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՖՖ ռազմավարական առաջնահերթություններից մեկը: ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի արտերկրացի մասնակիցներից այս անգամ զրուցել ենք իտալացի Միկելե Բոնի հետ:
Ռումինիայի գավաթակիր, Եվրոպայում և Ասիայում բազմազան փորձ յուրացրած այս մասնագետը մարզչական բարձրագույն որակավորման դասընթացին մասնակցում է Հայաստանում։ 46-ամյա մասնագետը 10 տարի անդամակցել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, դասախոսել է մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների համար։
[b]- Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում։
[/b]
- Պրո կարգի դասընթացին մասնակցելու նպատակով դիմել էի ազգային մի քանի ասոցիացիայի։ Ժամանակը սուղ էր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիններից էր, որ դրական պատասխան տվեց։ Ուզում էի առաջին հնարավորության դեպքում գրանցվել և արագորեն վերսկսել ուսումս։ Նաև խորհուրդ հարցրի Քարամյան եղբայրներից, Ռոմիկ Խաչատրյանից՝ այն հայ ֆուտբոլիստներից, որոնց մարզել եմ։ Արդյունքում ՈՒԵՖԱ-ի բարձրագույն կարգն ստանալու համար ներգրավվեցի ՀՖՖ կազմակերպած դասընթացին։
[b]- Ինչպե՞ս եք բացահայտում Հայաստանը Ձեզ համար։
[/b]
- Ինձ դուր է գալիս այստեղ։ Մարդիկ, որոնց հանդիպել եմ Երևանում, հյուրընկալ են, բարեհամբույր։ Կարելի է ասել՝ նոր ընկերներ ունեմ։ Երևի նաև իրար նման ենք կյանքը կազմակերպելու ոճով, միասին ընթրելու հրավերներ անելով, ջերմությամբ։ Ֆուտբոլային առումով դեռ պետք է բացահայտեմ երկիրը, ճանաչում եմ միայն ազգային հավաքականին։ Աճելու մեծ ներուժ եմ նկատում։ Բացի այդ, մարզումային անհրաժեշտ պայմաններ կան։ Կառուցվածքային կառավարումը ևս հարկավոր է զարգացնել ֆուտբոլում․ այստեղ սիրում են ֆուտբոլ, բայց ստադիոն չեն այցելում։
[b]- Ուսման համար հաճախ եք ժամանում Հայաստան և առիթի դեպքում դիտում տեղական խաղերը։
[/b]
- Տեղացի ֆուտբոլիստները տաղանդավոր են, բայց ամբողջությամբ չեն դրսևորվում վստահության և կազմակերպման պակասի պատճառով։ Լեգիոներներից շատերը ցածր խաղամակարդակ ունեն, ուստի չեն նպաստում հայկական ֆուտբոլի առաջընթացին։
[b]- Հայաստանում դասընթացն ինչպե՞ս է ընթանում։
[/b]
- Երախտապարտ եմ գործընկերներիս ինձ ամեն կերպ աջակցելու, թարգմանչական օժանդակություն և կոռեկտություն ցուցաբերելու համար։ Բոլորը զարգանալու ցանկություն ունեն։ Տեղացի հրահանգիչների և կրթության նախորդ պատասխանատուների հետ լավագույնս գործակցեցինք։ Հատկապես շնորհակալ եմ Սուրեն Չախալյանին՝ աջակցության, Ռումինիա հասնելու և իմ թիմին այցելելու համար։ Տեխնիկական նոր տնօրենի՝ Խինես Մելենդեսի ժամանումով բարելավվելու նոր ու նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Իսպաներենի իմացությունս էլ ավելի է հեշտացնում հաղորդակցությունը։ Մասնակից բոլոր գործընկերներիս և դասախոսական կազմին լավ շարունակություն եմ մաղթում։ Ո՞վ գիտի, գուցե խաղադաշտում հանդիպենք որպես մրցակից-ընկերներ։ Եվ թո՛ղ հաղթի ուժեղագույնը։
[b]- Խաղային նախընտրելի համակարգեր ունե՞ք։
[/b]
Այո, կիրառել եմ 1-4-4-2-ը, 1-4-2-3-1-ը, 1-4-3-3-ը։ Համակարգից համակարգ անցումը կախված է տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների հնարավորություններից։ Ըստ իս՝ սրանք ամենահավասարակշռված համակարգերն են։ Այս կամ այն համակարգով խաղալիս կարևոր է չկորցնել ճկունությունը։ Շատ ցանկալի է նաև ունիվերսալ խաղացողների ներկայությունը․ նրանք հարմարվում են տարբեր համակարգերի, խաղի տարբեր հատվածներում փոփոխվողսխեմաներին։
[b]- Ֆուտբոլում «ամենակարևոր»հասկացություն կա՞։
[/b]
- Բարձրակարգ ֆուտբոլում կարևորագույնը մշտապես համարվում է հաղթանակը։ Այս նպատակի համար պետք է գոլ խփել։ Ցանկանում եմ, որ թիմերս ունենան հաղթողի մտածելակերպ, հարձակումից պաշտպանության անցնեն առանց խնդիրների, որ կարողանան նորից հարձակման դիմել և գոլային նոր հնարավորություններ ստեղծել։ Սա չի նշանակում, որ կարող ենք անտեսել պաշտպանությունը։
[b]- Նախապատրաստությանը վերաբերող ինչպիսի՞ մոտեցում ունեք։
[/b]
- Գոլ խփող թիմ ձևավորելու համար անհրաժեշտ է գնդակը ներառել ֆիզիկական աշխատանքի մեջ։ Բայց իմ դիրքորոշմամբ, առանց գնդակի «չոր» աշխատանքը ևս կարևոր է անհրաժեշտ մարզավիճակի հասնելու համար։
[b]- Ինչպե՞ս տեղափոխվեցիք արտերկիր։
[/b]
- Արտերկրում առաջին փորձս կայացել է Ռումինիայում։ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն «Սպորտուլ Ստուդենտեսկի» գլխավոր մարզիչն էր։ Նա ինձ հետ կապ հաստատեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով և առաջարկեց աշխատել ինձ հետ։ Ռումինիայում աշխատանքս ճանաչեցին, տարբեր ակումբներում աշխատեցի։ Դուբայի «Ալ Նասրում» գործակցել եմ Վալտեր Ձենգայի հետ, Բահրեյնում մարզչական խումբ եմ ղեկավարել։
[b]-Իտալական ֆուտբոլի հետ նմանություններ գտա՞ք ճամփորդելիս։
[/b]
-Մեծ նմանություններ չտեսա, տարբեր կերպ են կազմակերպում հարցերը, ֆուտբոլիստների ընտրությունն առաձգական չի, մարզումային պայմաններն էլ ամենաօպտիմալ ստանդարտներին չեն համապատասխանում։ Ուստի, պետք է հարմարվելու հատկություն ձևավորել տեղափոխությունների համար։ Շատ կարևոր է ճանաչել ու հարգել ավանդույթներն ու մշակույթը։ Հարկ չկա հրաժարվելու մարզչական փորձված գիտելիքներից, բայց դրանց կիրառությունը անհրաժեշտ է հարմարեցնել եղած հնարավորություններին՝ տեղական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար։
[b]- Ամեն պատեհությամբ քննարկվում է իտալական ֆուտբոլի վիճակը։
[/b]
- Իտալական ֆուտբոլը փառահեղ ժամանակներ է ապրել։ Հետո փայլը կորել է, հավաքականը չի հայտնվել աշխարհի առաջնությունում։ Սա դաս կլինի երիտասարդ ֆուտբոլիստների արժեքը վերաիմաստավորելու, ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի կառուցվածքում ռեսուրսները վերաբաշխելու և ավելացնելու համար։ «Յուվենտուսում» բարձրակարգ կառավարումը զուգորդվեց մարզչական շտաբին հաղորդած վստահությամբ։ Մարզիչներն էլ կարողացան ինտեգրել ուժեղ խաղացողների և 8 տարի անընդմեջ չեմպիոն դառնալ։
[b]-Իտալիայի Մ-19 հավաքականը Երևանում մասնակցելու է Եվրո-2019-ին։ Թիմի հնարավորություններին ծանո՞թ եք։
[/b]
-Ցավոք, չեմ ճանաչում այս սերնդին։ Բայց կարծում եմ՝ եզրափակիչ փուլում ցույց կտան, որ արժեք են ներկայացնում։ Նոր սերունդներից մշտապես պահանջվում է մարտավարական կարգապահություն ցուցաբերել։
Նմանատիպ նյութեր
4162 դիտում
23:31 11-01-2020
Նիկոլ Փաշինյան. Շատ տաղանդավոր են մերոնք, ահավոր տաղանդավոր
4908 դիտում
16:19 22-01-2018
ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Միկելե Նիկոլետտին, փոխնախագահ՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2899 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում