1620 դիտում
21:48 07-05-2019
Օպերատորներն աշխատանքներն իրականացնում են անկազմակերպ, անկանոն և անորակ. Կամո Արեյան
Էրեբունի վարչական շրջանում ենք: Էներգամատակարարման ցանցում հերթական վթարը վերացնելու համար օպերատոր ընկերությունը քաղաքապետարանից մայթը քանդելու թույլտվություն էր ստացել: Վթարը վերացված է, հետևանքները՝ ոչ: Հետիոտի և վարորդների դժգոհությունը տեղին է: Չնայած նախազգուշացումներին, որ աշխատանքները պետք է կատարվեն ժամանակին և որակով՝ շինարարական ընկերությունները չեն շտապում:
«Սա մայրաքաղաքի առջև ծառացած հրատապ խնդիրներից է: Օպերատորներն աշխատանքներն իրականացնում են անկազմակերպ, անկանոն և անորակ: Մինչդեռ օրենսդրությամբ այս բոլոր խնդիրները կարգավորված են: Այստեղ ոչ մի զիջում չի լինելու»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական, կոմունալ ոլորտը համակարգող Կամո Արեյանը:
Քաղաքապետարանը հորդորում է՝ աշխատանքներն այսուհետ իրականացնել հատվածաբար և սահմանված ժամկետներում, այլապես քանդման թույլտվություններ մայրաքաղաքում չեն տրամադրվի: Ժամկետները խախտելիս էլ ընկերությունները պատասխանատվության կենթարկվեն:
Կենսապահովման ոլորտի կազմակերպությունները նաև զգուշացվել են՝ աշխատանքների բնույթի մասին հուշող ցուցատախտակներ պետք է տեղադրեն:
Մայրաքաղաքի կոմունալ խնդիրների շարքում են նաև շինարարական աղբի կուտակումները: Աղբավայրերի են վերածվել մայրաքաղաքի վարչական շրջանների անտառային նշանակության հողերը: Քաղաքային իշխանությունը բնապահպանական ու սանիտարական խնդիրը մտադիր է լուծել բնակիչների հետ համատեղ ուժերով:
«Միակ պայմանը շինաղբը Նուբարաշենի քաղաքային աղբավայր տեղափոխելն է: Ի դեպ, վարկային նոր ծրագրով այստեղ շինարարական աղբի մանրացում է նախատեսված: Իսկ շինարարական աղբով բեռնված մեքենաները նման վայրեր ուղղորդող բոլոր անձանց հորդորում և զգուշացնում ենք՝ դադարեցնել իրենց գործողությունները: Քաղաքային իշխանությունը լինելու է հետևողական և կոշտ: Դիմել ենք նաև ոստիկանություն՝ համատեղ հսկողություն սահմանելու համար»,-նշում է Կամո Արեյանը:
Շուրջ 2.8 մլրդ դրամ է այս տարի հատկացված բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանությանը. 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացում, տանիքների և մուտքերի նորոգում: Այս և կոմունալ ոլորտի մյուս աշխատանքները ժամանակին սկսելու և ավարտելու համար քաղաքապետարանն ակնկալում է բոլոր պատասխանատուների ամենօրյա աշխատանքը:
«Մեր հանդիպման նպատակը մեկն է՝ հետագա աշխատանքը դարձնել առավելագույնս համակարգված և արդյունավետ: Մարդու օրվա 80 տոկոսն անցնում է կոմունալ համակարգի միջով՝ սկսած տան մուտքից, վերելակից, այնուհետ՝ աղբահանություն, ջրամատակարարում, էներգամատակարարում, գազամատակարարում»,-նշում է Կամո Արեյանը:
Կոմունալ ոլորտի խնդիրները քննարկելու համար քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը մասնակցեցին վարչական շրջանների ղեկավարներ, ստորաբաժանումների և կենսապահովման ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:
Անդրադառնալով մայրաքաղաքի բնակիչներին հուզող աղբահանության և քաղաքի սանմաքրման խնդրին՝ Կամո Արեյանը կրկին զգուշացրեց «Սանիթեք» ընկերությանը: Ամռանն ընդառաջ՝ զգուշացվեցին նաև կրծողների դեմ պայքարողները՝ խստորեն պահպանել առողջապահության նախարարության կողմից սահմանված նորմերը:
Նմանատիպ նյութեր
5651 դիտում
19:26 01-11-2016
Միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվենք. Կամո Արեյան
2805 դիտում
18:45 18-01-2017
Արամի տունը կպահպանվի. Կամո Արեյան
1561 դիտում
14:03 19-04-2022
Երևանի աղբահանություն հիմնարկի 853 հաստիքին կավելացվի 138-ը. Կամո Արեյան․ Freenews.am
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը