Արթուր Մեսչյանը հույս է հայտնում, որ մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին
Մետրոպոլիտենի նոր կայարանի և Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերն ընթացքի մեջ են: Ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ բանակցություններ են տարվում: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ մինչև հունվար ամիսը կավարտվեն դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները, իսկ սկսած հաջորդ տարվա սկզբիից՝ կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
Ա. Մեսչյանի նշեց, որ մետրոպոլիտենը, ընդհանուր առմամբ, իր տեխնոլոգիայով բավականին բարդ համակարգ է, և տարբեր մասնագետների հետ աշխատնքներ են տարվում՝ ճշտելու համար բոլոր նրբությունները։
«Ճոպանուղին սկսվելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից և հասնելու է նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի տարածք: Կարծում ենք՝ այդ ծրագրի միջոցով բավական խնդիրներ կլուծվեն, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի: Այս ծրագիրը ևս կֆինանսավորի կառուցապատողը: Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ»-հավելեց նա: