1649 դիտում
19:48 15-05-2019
Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները
Մայիսի 15-ին Ազգային ժողովում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ճեպազրույցը, որի ընթացքում երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի արդյունքներին:
Աշոտ Ղուլյանն իր եւ գործընկերների անունից գոհունակություն է հայտնել կայացած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի կապակցությամբ՝ նշելով, որ նիստի մասնակիցներն արձանագրել են քննարկումների արդյունավետությունը: Օրակարգային՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում թեմայի շրջանակում պատգամավորները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները, առաջարկներն ու կարծիքները:
Ըստ ԱՀ ԱԺ նախագահի՝ չնայած Ստեփանակերտում 7-րդ գումարման ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցություններին բարձր մակարդակով ընդունելու հնարավորություն է եղել, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը մի քանի անգամ այցելել է Ստեփանակերտ, սակայն գործնական աշխատանքների իմաստով այսօրվա հանդիպումը Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հետ եւ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը ցույց տվեցին փոխգործակցության հետագա ճանապարհը:
«Վստահ եմ, որ այսօրվա քննարկումներից մեծ թվով հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին մեր գործողությունների համար, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ մի քանի ուղղություններով, այդ թվում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման: Արցախի խորհրդարանի պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ նախագահին եւ մեր բոլոր գործընկերներին, քանի որ դիպուկ հարցադրումներ եղան, որոնք կօգնեն առաջիկա ամիսներին ավելի ճիշտ ուղղորդել մեր համատեղ աշխատանքը»,-նշել է Աշոտ Ղուլյանը:
Արարատ Միրզոյանը եւս գոհունակություն է հայտնել նիստի արդյունքների կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի անունից շնորհակալություն հայտնելով արցախցի գործընկերներին: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը եւս ընդգծել է նիստի քննարկումների նպաստավոր ընթացքը՝ նշելով, որ օրակարգային թեման բացառիկ կարեւոր նշանակություն ունի, որի վերաբերյալ հնչել են լուրջ հարցադրումներ ու մտքեր, անդրադարձ է եղել հետաքրքիր նրբերանգների:
«Մեր խորհրդարանականներն այժմ առավել հստակ պատկերացում ունեն, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային բազմակողմ ու երկկողմ շփումներում: Կարծում եմ, որ այս քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ գործընթացը շարունակական է: Նախանշեցինք հարցեր հետագա քննարկումների համար նաեւ այլ ոլորտներին առնչվող»,-ընդգծել է Ազգային ժողովի նախագահը:
Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղուլյանը պատասխանել են նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նմանատիպ նյութեր
4231 դիտում
20:16 15-03-2017
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին