Ավտովթար Արագածոտնի մարզում բուժքույրը Honda Elysion–ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ Դիաննա Մարգարյանը իր վարած Honda Elysion մակնիշի 35 MV 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի քարե արգելապատնեշներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մարգարյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ Շողիկ Մարգարյանը, Հայկ Մարգարյանը և Նարեկ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Մարգարյանն աշխատում է Գյումրու ուռուցքաբանական բժշկական կենտրոնում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի