73892 դիտում
11:30 19-05-2019
Խոշոր ավտովթար Երևանում. Կիևյան կամրջի սկզբնամասում 18-ամյա վարորդը ВАЗ 21099 -ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mitsubishi-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ, 18-ամյա Գոռ Մաթևոսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 ՏQ 567 համարանիշի և Երևանի բնակիչ Սերոբ Հարյանի վարած Mitsubishi մակնիշի 77 AV 877 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Գագիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ-ի աշխատակիցներն ու վթարի մեջ հայտնված Mitsubishi-ի վարորդը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 099-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ ВАЗ 21099-ի վարորդը իրեն պահել է ոչ ադեկվատ, նշելով, որ հավանաբար, նա եղել է ինչ-որ բանի ազդեցության տակ, իսկ նրա մարմնի վրա եղել են գողական աշխարհի բարքերը քարոզող դաջվածքներ և դեպքի վայր ժամանած մի տղամարդ էլ , ով ներկայանում էր այդ վարորդի պապիկ, ասում էր, որ թոռը ավտոմեքենան փախցրել է:
Քաղաքացիները, փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները մեծ դժվարությամբ են նրան տեղափոխել հիվանդանոց, քանի որ անգամ երբ բժիշկները փորձում էին նրան տեղում օգնություն ցուցաբերել, նա անհոդաբաշխ և անհասկանալի բառեր էր ասում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է 099-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mitsubishi-ին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+