861 դիտում
11:25 23-05-2019
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպեց German Marshal Fund-ի փորձագետների հետ․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը German Marshal Fund հաստատությունում հանդիպեց ամերիկացի փորձագետների հետ ու պատասխանեց վերջիններիս հարցերին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4928393.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հեղափոխությունը Հայաստանում հանգեցրեց բազմաթիվ ներքին փոփոխությունների, նշում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում:
German Marshal Fund հաստատությունում ամերիկացի փորձագետների հետ հանդիպման ընթացքում նա ընդգծեց, որ խաղաղ թավշյա հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի առջև՝ արդար ընտրությունների միջոցով ձևավորելով հանրային վստահություն վայելող իշխանություն:
«Հայաստանում հանրային վստահությունը զգալիորեն փոխվեց կառավարության նկատմամբ, որը մեծ հնարավորություններ է ստեղծում փոփոխություններ իրականացնելու համար»,- նշում է Գրիգորյամնը:
Տնտեսական զարգացումը, հետագա ժողովրդավարացումն ու անվտանգության ապահովումը գործող իշխանությունների հիմնական օրակարգային ոլորտներն են: Նա ընդգծում է իշխանության վճռականությունը բարեփոխելու այդ ոլորտները: Սակայն, այդ ուղղությամբ կան լուրջ մարտահրավերներ, որոնցից է, ըստ Գրիգորյանի, դատական գործող համակարգը: Վեջինիս բարեփոխումը նա դիտարկում է որպես հեղափոխության երրորդ փուլ, որն արդեն հայտարարված է:
Այս առումով անհրաժեշտ է անցումային արդարադատության կիրառում միջազգային հանրության փորձառության ու հանրային վստահության աջակցության միջոցով: Արմեն Գրիգորյանը կարևորում է այս հարցում խորհրդարանի դերը որպես բարեփոխումը իրականացնող հիմնական մարմին:
Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրներից Գրիգորյանն առանձնացրեց մենաշնորհները, որոնց վերացման ուղղությամբ նոր իշխանությունների ձեռնարկած քայլերը տվել են դրական արդյունքներ:
«Նոր իշխանությունների առաջին ձեռնարկած քայլերից էր բոլոր այն խոչընդոտների վերացումը, որոնք արգելում էին նոր ընկերությունների մուտքը մենաշնորհային շուկաներ, ինչպիսիք էին օրինակ շաքարավազի կամ բանանի ներմուծումները»,- ասում է Գրիգորյանը:
Նրա մատնանշած կարևոր այլ ոլորտներից են պետական ծախսերի արյունավետությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը:
«Կոռուպցիայի գործոնը զգալիորեն ազդում էր պետական ծախսերի ոլորտի վրա: Այժմ կոռուպցիան զգալի չափով նվազել է: Կարող ենք արձանագրել, որ վերին օղակներում այն չկա, իսկ եթե բացահայտվի, ապա մեղավորները կպատժվեն: Կոռուպցիան անընդունելի է»,- նշում է Գրիգորյանը:
Արտասահմանյան ուղիղ ներդրումներն ու Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը այն հիմնական ուղղություններն են, որոնք, ըստ Գրիգորյանի, կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը: Երկու ուղղությամբ էլ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Այստեղ ևս կարևոր է արդար դատական համակարգի առկայությունը:
Անվտանգության և արտաքին քաղաքական օրակարգին անդրադառնալով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ դեռևս հեղափոխության օրերին հայտարարվել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվելու, սակայն արտաքին քաղաքական բոլոր ուղղությունները պետք է արդյունավետ կերպով օգտագործվեն:
Խոսելով Հայաստանի ամենակարևոր արտաքին հիմնախնդրի՝ ղարաբաղյան հակամարտության մասին՝ Գրիգորյանն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը, որն, ըստ նրա, ոչ թե ձևաչափի փոփոխություն է, այլ նախկին ձևաչափի վերականգնոմ: Նա կոչ արեց միջազգային հանրությանը աշխատել Լեռնային Ղարաբաղի հանրության հետ՝ անկախ կարգավիճակին առնչվող վերապահումների։
Նմանատիպ նյութեր
2267 դիտում
15:15 10-07-2020
«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը
7838 դիտում
09:28 05-05-2018
Ամերիկացի փորձագետների գնահատականը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին. «Ամերիկայի ձայն»
898 դիտում
10:39 06-07-2023
ԱԽ քարտուղարը Վաշինգտոնում ուղեղային կենտրոնների փորձագետների հետ քննարկել է Հայաստանի անվտանգային միջավայրը
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2890 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր