211652_close_icon
views-count1870 դիտում article-date 11:10 25-05-2019

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը մայիսի 24-ին ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին։ Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացումներով և ցանկություն ունեն ընդլայնելու համագործակցության շրջանակները մի շարք ուղղություններով։ Բագրատ Բադալյանը Մարկ Փրիթչարդին է ներկայացրել ճանապարհաշինական և ենթակառուցվածքային ծրագրերը՝ դրանցում առանձնացնելով հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է ճանապարհի կառուցման տարածաշրջանային նշանակությունը, ներկայացրել շինարարության առանձնահատկությունների՝ ռելիեֆային բարդությունների, նախատեսվող թունելների և կամուրջների կառուցմանն առնչվող մի շարք մանրամասներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանապարհաշինական մի շարք ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել բրիտանական կողմին՝ այս ոլորտում գործակցության վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար։ Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման և բրիտանական փորձի փոխանակման հնարավորությունները։ Մարկ Փրիթչարդին ներկայացվել են նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումները, այդ ուղղությամբ իրականացվող ՀՀ կառավարության քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։ Գեղամ Վարդանյանը տեղեկացրել է նաև նոր ձևավորվող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորման մասին։ Նա նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ուղղվածությամբ կրթության բավական հաջող ծրագրեր են իրականացվում, ներկայացրել է «Թումո» կենտրոնի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, «Անել» լաբորատորիայի գործունեությունը։ Նա ընդգծել է, որ դրանք բավական հաջողված ծրագրեր են, որոնք կարող են համագործակցության արդյունքում կիրառել և՛ Միացյալ Թագավորությունում, և՛ այն երկրներում, որոնց իրենք աջակցում են։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև Միացյալ Թագավորության տեխնոլոգիական ոլորտի մեծ կազմակերպությունների կողմից Հայաստանում հետազոտական կենտրոններ ստեղծելու հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019)։ Նախարարի տեղակալը ընդգծել է բրիտանական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

Նմանատիպ նյութեր