211652_close_icon
views-count5861 դիտում article-date 20:46 28-05-2019

Դուք առաջիններից էիք ղեկավարներից, ով ստորագրեց Բելովեժյան համաձայնագիրը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Ողջունելով Հայաստանի վարչապետին Ղազախստանի Հանրապետությունում` Նուրսուլթան Նազարբաևը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն, որ եկել եք մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին: Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություններ: Հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում, այստեղ ապրող հայերը մեր քաղաքացիներն են՝ ղազախստանցիներ են: Նրանք միավորում են մեզ: Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է: Մենք փոխանակելու բան ունենք. այն, ինչ դուք ունեք, մենք չունենք, ինչ մենք ունենք, դուք չունեք, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ պետք է աշխատել: Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Հունիսի 20-ին կլրանար իմ՝ Ղազախստանի ղեկավար լինելու երեսուն տարին: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր: 1989 թվականին ես ընտրվեցի Ղազախստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, իսկ մինչ այդ ես կառավարության ներկայացուցիչ էի: Այդ պատճառով շատ եմ աշխատել, շատ բան եմ տեսել, ողջ Ղազախստանն է ինձ ճանաչում, և անկախության վերջին տարիներին մենք շատ բան կարողացանք անել` փաստացիորեն բարձրացնել Ղազախստանի վարկը, երկիրը հայտնի դարձնել ամբողջ աշխարհին: Եվ ես համարեցի, որ եկել է ղեկավարի պաշտոնը հանգիստ փոխանցելու ժամանակը: Միևնույն ժամանակ, շարունակում եմ աշխատել: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 30 տարի ինձ հետ աշխատում է, ես նրան գիտեմ, շատ պատրաստված և կիրթ անձնավորություն է: Վստահ եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչ այդ էին»: Շնորհակալություն հայտնելով Նուրսուլթան Նազարբաևին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Նուրսուլթան Աբիշի: Իհարկե, ուրախ եմ Ձեզ տեսնել և այցելել Ձեր երկիր, որի մայրաքաղաքը Դուք եք կառուցել: Դուք քաղաքական առաջնորդ եք, ով մի ամբողջ ժամանակաշրջան է խորհրդանշում: Դուք հիշատակեցիք, որ դեռևս խորհրդային տարիներին Ղազախստանի առաջնորդն էիք: Դուք առաջիններից էիք ղեկավարներից, ով ստորագրեց Բելովեժյան համաձայնագիրը, դրանից հետո Դուք մասնակցություն ունեցաք ԱՊՀ ստեղծման գործընթացին, ապա ակտիվ մասնակցություն եք ունեցել ՀԱՊԿ ստեղծման գործում: Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ անդամ և ՀԱՊԿ հիմնադիր անդամ: Բոլորին քաջ հայտնի է, որ Դուք առաջարկեցիք եվրասիական ինտեգրացիայի գաղափարը: Այս տարի լրանում է այդ իրադարձության 25-ամյակը և ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի 5-ամյակը: Իհարկե, մենք մեծ հուզմունքով ենք հետևում իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ղազախստանում, և այն մեծ քաղաքական փոփոխություններին, որոնք Դուք նախաձեռնել եք: Մենք համոզված ենք, որ այն, ինչ Դուք նախաձեռնել եք, արվում է ի շահ Ղազախստանի և ղազախ ժողովրդի: Իհարկե, Սահմանադրությամբ Դուք շարունակում եք մնալ ազգի առաջնորդը, և Անվտանգության խորհրդի նախագահը: Դուք կշարունակեք ակտիվ դերակատարում ունենալ ԵԱՏՄ-ում, և վաղը մենք այդ մասին համապատասխան որոշում կընդունենք: Ի սկզբանե ես պաշտպանում էի այդ գաղափարը, և վստահ եմ, որ Ղազախստանի նոր նախագահի հետ մենք կունենանք նույնպիսի ջերմ և կառուցողական հարաբերություններ: Այո, մեր երկրների միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, ցավոք, տնտեսության ոլորտում բավական փոքր ծավալներ ունենք: Կարծում եմ, որ հիմա կա հնարավորություն այդ ուղղությամբ աշխատելու, քանի որ 21-րդ դարում ստեղծվում են նոր հնարավորություններ: Եվ կարևոր է, որ մենք, մեր երկրները, մեր ժողովուրդները և կառավարությունները քաղական կամք ունեն` զարգացնելու մեր հարաբերությունները, որովհետև մենք խորհրդային ժամանակներում կապված ենք եղել որպես ժողովուրդներ և Խորհրդային միության փլուզումից հետո փաստացի մասնակցել ենք հետխորհրդային տարածաշրջանում համատեղ բոլոր նախագծերին: Մենք շատ ջերմ, լավ հարաբերություններ ունենք, դրանում Ձեր անձնական ավանդը շատ մեծ է, և հուսով եմ ու վստահ եմ, որ այդ ոգին այսուհետ ևս կշարունակվի»: Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարևորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր