211652_close_icon
views-count3071 դիտում article-date 18:07 30-05-2019

Չհայտարարված այցի ժամանակ կալանավորված անձը բարձրացրել է սրտի հետ կապված խնդիրներ․ Պաշտպանի աջակցությամբ հետազոտություններ են իրականացվել

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ հայտարարած 2 անձի և մի շարք այլ ազատազրկվածների հետ: Ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Այս հարցը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Կալանավորին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները: Հացադուլ հայտարարած մեկ այլ կալանավորված անձ նշել է, որ ունի լյարդի հետ կապված առողջական խնդիր: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնից պարզաբանվել է, որ առաջիկայում նախատեսված է իրականացնել հետազոտություն: Ազատությունից զրկված անձանց ներկայացվել են հացադուլի բացասական հետևանքներն իրենց առողջական վիճակի վրա: Առանձնազրույցների ժամանակ ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև պահման պայմաններին առնչվող հարցեր, որոնք Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում մշտապես գտնվում են Պաշտպանի հսկողության տակ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դրանց հնարավորինս արագ լուծում տալու համար:

Նմանատիպ նյութեր