211652_close_icon
views-count1896 դիտում article-date 12:34 10-06-2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է հանքարդյունաբերողների հետ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը կրող ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների ղեկավար կազմի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, Վ.Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Տեսչական մարմնի և տնտեսավարող սուբյեկտների միջև փոխգործակցությունը, մասնավորապես վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու և հանրային շահերը պաշտպանելու նպատակով։ Ավետիսյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը մշտապես բաց է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընթացքում առաջացած հարցերի, խոչընդոտների քննարկման և իր լիազորությունների շրջանակում դրանց լուծումների աջակցման համար, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին հորդորել է իրենց գործունեությունն իրականացնել օրենքի շրջանակներում։ Կողմերը քննարկել են թափոնների կառավարման, ջրօգտագործման, սահմանային թույլատրելի արտանետումների, տնտեսավարող սուբյեկտների դեմ դիմում-բողոքների, վարչական վարույթների, դատական գործերի, արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, մշտադիտարկումների արդյունքների հրապարակման, օրենսդրական բացերի, լեռնային աշխատանքների նախագծերում փոփոխությունների իրականացման ընթացքում առաջացող և մի շարք այլ հարցեր։ Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հնչեցված հարցերն առավել հանգամանորեն ներկայացնել Տեսչական մարմնին՝ իր լիազորությունների շրջանակում խնդիրների լուծումներին աջակցություն ցուցաբերելու համար։ Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։

Նմանատիպ նյութեր