11353 դիտում
18:52 20-06-2019
Քոչարյանի գործով դատարանը հեռացավ վերջնական որոշում կայացնելու՝ չլսելով փաստաբանների առարկությունները
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերջնական դատական ակտերը կհրապարակի հունիսի 25-ին: Ինչպես տեղեկացնում է[url=https://armenpress.am/arm/news/979228.html] «Արմենպրես»[/url]-ը, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենք օրենսդրական խնդիրներ են տեսնում գործով և խնդրեց այս պահին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան:
Միջնորդությանը միացան նաև Քոչարյանի մյուս պաշտպաններ Ռուբեն Սահակյանը և Հայկ Ալումյանը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը:
Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ դատական ակտեր կայացնելու՝ նկատի ունենալով, որ «պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստն անհարկի ձգձգելուն»:
«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախ և առաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության, հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու»,–ասաց դատավորը:
Որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրեցին 2008-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Դատարանում խոսել են նաև Մարտի 1-ի գործով տուժած անձինք, ովքեր նշել են, որ միանում են մեղադրող կողմի ներկայացրած բողոքին: Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին: Հունիսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանում իրենց բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի և անհիմն որոշում էր կայացրել, որով փոփոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, ինչպես նաև գործի վարույթը կասեցրել և ուղարկել Սահմանադրական դատարան:
Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:
Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Նմանատիպ նյութեր
11208 դիտում
18:06 12-09-2019
Դատարանը հեռացավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. News.am
2154 դիտում
15:13 14-07-2021
ՍԴ-ն հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում կայացնելու
2085 դիտում
22:46 19-05-2022
Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու
Այս բաժնից
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
988 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ