1971 դիտում
10:24 22-06-2019
Մինսկի խմբի հայտարարությունը համաձայնեցված է եղել կողմերի հետ. Ստեփան Դանիելյան․ «168 ժամ»
«168» ժամ թերթը գրում է․ «Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին հաջորդել է Մինսկի խմբի տարածած պաշտոնական հայտարարությունը։
Ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները հորդորել են կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության և առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը։ Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:
Համանախագահները և արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարևորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել և նվազեցնել լարվածության վտանգը։
«168 ժամ»-ն արտգործնախարարների հանդիպման և Մինսկի խմբի տարածած հայտարարության շուրջ զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
[b]– Պարո՛ն Դանիելյան, Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ այս անգամ ևս որևէ հիշատակում չկար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ինչո՞ւ դրանց մասին Մինսկի խումբը չի խոսում։[/b]
– Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը համաձայնեցված է եղել հայկական և ադրբեջանական կողմի հետ, այլապես նման հայտարարություն չէր արվի։ Այսինքն՝ հայկական կողմը համաձայնել է, որպեսզի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները չհիշատակվեն։ Ըստ երևույթին, դրա փոխարեն՝ Ադրբեջանն էլ որոշակի զիջման է գնացել, և, թերևս, նման ոչ բովանդակային բանակցություններին մասնակցելն էլ Ադրբեջանի զիջումն էր։ Հիշենք, որ Ադրբեջանը «բովանդակային բանակցության» մասին նախապայմանն էր դրել մինչ հանդիպումը։
[b]– Այս դեպքում հայկական կողմն ինչո՞ւ է խուսափում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հիշատակելուց։[/b]
– Չեմ կարծում, որ հայկական կողմը խուսափում է՝ դատելով այս մեկ տարվա զարգացումներից, ըստ երևույթին, դրա դիմաց գնացել է ինչ-որ գործարքի։ Թե գործարքը ո՞րն է եղել, սա արդեն կարող են միայն իրենք ասել։
[b]– Նկատի ունեք՝ ոչ հայկական կողմի համար շահեկան գործարքի՞։[/b]
– Չգիտեմ՝ շահեկան է, թե ոչ, սա արդեն գնահատման խնդիր է։ Կարող եմ ուղղակի փաստը նշել, որ ակնհայտորեն ինչ-որ գործարք է եղել։
[b]– Մինսկի խումբը կոչ է արել կողմերին զերծ մնալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն ինժեներական մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել սահմանում, այս առումով նրանց հայտարարությունն ուշացած չէ՞։[/b]
-Բնականաբար, հայտարարությունն ուշացած է, և ուշացած է հայկական կողմի մեղքով, որովհետև, եթե Բիշքեկի վերելակում ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերել կամ այդ պայմանավորվածությունն այլ տեղ են ձեռք բերել, բայց այն ամրագրվել է վերելակում, չգիտեմ, գուցե ստվերային հանդիպումներ են եղել, ապա այստեղ հայկական կողմը սահմանում, կրակի դադարեցման հետ միասին, ինժեներական աշխատանքների դադարեցման վերաբերյալ որևէ պահանջ չի դրել։
Եվ արդեն հետին թվով հասկանալով, թե ինչ է կատարվում, ըստ երևույթին հայկական կողմի պահանջով, այդ կետը նույնպես ներառվել է հայտարարության մեջ։ Սակայն բավականին ուշ է, որովհետև ըստ տվյալների՝ Ադրբեջանը շփման գծում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ է կատարել, իհարկե, սրա մեղքը հայկական կողմի կամ ներկայիս իշխանության վրա է։
[b]– Մինսկի խումբը ողջունել է նաև ուղիղ կապի առկայությունը՝ հորդորելով, որ այն օգտագործեն լարվածության վտանգը նվազեցնելու համար։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի հետ ուղիղի կապի միջոցով հնարավո՞ր է սահմանում լարվածության վտանգը նվազեցնել, և ընդհանրապես այդ ուղիղ կապն Ադրբեջանն ինչպե՞ս է օգտագործում։[/b]
– Մենք պետք է հասկանանք, թե «ուղիղ կապն» ընդհանրապես ինչի համար է, քանի որ շփման գծում լինում են պլանավորված խախտումներ, այսինքն՝ դա ռազմական քաղաքականություն է, և կարող են լինել պատահական դեպքեր, երբ ինչ-որ պատահական իրավիճակը բերում է նրան, որ սահմանի այս կամ այն մասում իրավիճակ է ստեղծվում։ Ուղիղ կապն առաջին հերթին օգնում է չպլանավորված դեպքերը մարելու համար, իսկ եթե այն պլանավորված է լինում, ապա այդ կապը որևէ դեր չի կարող ունենալ։ Նման դեպքերի ժամանակ, բնականաբար, այդ կապը դրական է, և դա կարելի է միայն ողջունել։
[b]– Ձեր դիտարկմամբ՝ Արցախի հարցի շուրջ բանակցություննե՞ր են ընթանում, թե՞ ընդամենը հանդիպումներ են։[/b]
– Ադրբեջանը ձգտում է, որ լինեն բովանդակային բանակցություններ, որը նրանց կողմից ընկալվում է որպես զիջումներ, քանի որ պարզ է, որ Ադրբեջանը զիջելու բան չունի, և տվյալ պահին զիջողը կարող է լինել հայկական կողմը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իրավիճակն այնպիսին է, որ բովանդակային քննարկումները Հայաստանին բացարձակապես պետք չեն, և բովանդակային քննարկում կարող է լինել այն ժամանակ, երբ պարզ լինի, թե Ադրբեջանն ինչ է պատրաստ զիջելու, իսկ նրա զիջումը կարող է լինել միայն Արցախի կարգավիճակը։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը բովանդակային քննարկում է պահանջում, որից, բնականաբար, պետք է խուսափի հայկական կողմը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2857 դիտում
23:39 09-03-2019
Ստեփան Դանիելյան. Ո՞րն էր Մինսկի խմբի վերջին հայտարարության իմաստը
7867 դիտում
09:49 17-06-2017
Զախարովայի հայտարարությունը Ադրբեջանին տեղը դնելու միտումն է արտահայտում. Ստեփան Գրիգորյան. «168 ժամ»
2129 դիտում
11:24 07-02-2015
Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ. քաղաքագետ. 168 Ժամ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը