211652_close_icon
views-count1294 դիտում article-date 22:27 26-06-2019

Արտակ Ապիտոնյանի հանդիպումը ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի հետ

Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հունիսի 24-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդոտովի (Yuri Fedotov) հետ: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, այդ թվում՝ նաև UNODC իրավասության ներքո գտնվող բնագավառներում։ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստան-UNODC սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում՝ մասնավորապես կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ։ Կարևորվեց UNODC դերը՝ իր իրավասությունների բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը համակարգելու և խթանելու հարցում։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի՝ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի և դրա հովանու տակ գործող հանձնաժողովների հետ փոխգործակցությանը և խնդիրներին, քննարկեցին երկկողմ համագործակցությունն առավել ինտենսիվ դարձնելու և խորացնելու հեռանկարները: Արտակ Ապիտոնյանն ու Յուրի Ֆեդոտովն անդրադարձան նաև վերջերս ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված Ատելության քարոզչության դեմ պայքարի Ռազմավարության և Գործողությունների ծրագրի հարցերին։

Նմանատիպ նյութեր