Այսօր Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշում է ծննդյան 65-ամյակը
Այսօր՝ հունիսի 30-ին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշում է ծննդյան 65-ամյակը:
Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:
1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:
1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:
1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:
2007-08 թվականներին եղել է ՀՀ վարչապետ:
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:
2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2007 թվականից՝ կուսակցության նախագահը:
Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:
Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:
Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և հինգ թոռնիկ: