211652_close_icon
views-count1173 դիտում article-date 18:18 01-07-2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիրների համագործակցության կարեւորությունը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն իր խոսքում ընդգծել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները: Սլովակիան ԵՄ առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անդրեյ Դանկոն վստահություն է հայտնել, որ Երեւանում Սլովակիայի դեսպանատան բացումը նոր զարկ կտա երկկողմ հարաբերություններին: Հայկական խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ սլովակ գործընկերները կաջակցեն նաեւ Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի հարցում: Կողմերի միջեւ Հայաստան եւ Սլովակիա փոխադարձ այցեր կատարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նմանատիպ նյութեր