211652_close_icon
views-count1879 դիտում article-date 23:29 04-07-2019

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Լոս Անջելեսի իշխանությունների և հայկական կազմակերպությունների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հուլիսի 1-3-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի ու քաղաքապետի տեղակալ Նինա Հաչիգյանի հետ հանդիպմանը Ա. Բեգլարյանը ներկայացրել է Արցախում տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ու հիմնախնդիրները: Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր թեմաների շուրջ՝ պայմանավորվելով շարունակել փոխշփումները: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած ընդունելության ընթացքում Ա. Բեգլարյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհակալություն հայտնելով գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին և ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար: Նա նշել է, որ անհրաժեշտություն կա Սփյուռքի կողմից ավելի մեծ ուշադրություն ուղղելու Արցախում տարբեր կարողությունների զարգացման վրա՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Սփյուռքի կազմակերպություններին և սրտացավ անհատներին Արցախի հետ կապերի ամրապնդման գործում: Ամերիկայի Հայ դատի և Հայ բարեգործական ընդհանուր միության Արևմտյան ափի գրասենյակների ղեկավար կազմերի հետ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախին առնչվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի շուրջ՝ պայմանավորվելով առկա համագործակցության հետագա խորացման վերաբերյալ: Պաշտպանը նաև արդյունավետ աշխատանքային քննարկումներ է ունեցել ԱՄՆ Հայ իրավաբանների միության խորհրդի հետ, ինչպես նաև մասնակցել է համայնքային մի շարք միջոցառումների:

Նմանատիպ նյութեր