211652_close_icon
views-count4324 դիտում article-date 18:05 12-07-2019

ԵՊԲՀ բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ստացան կարմիր դիպլոմներ

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող 53 շրջանավարտներն այսօր կարմիր դիպլոմներ ստացան 100-ամյա պատմություն ունեցող քաղաքային հիվանդանոցի շենքում բացված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանում: Կարմիր դիպլոմները շրջանավարտներին հանդիսավորությամբ հանձնեցին անվանի պրոֆեսորներն, սիրված դասախոսներն ու ֆակուլտետների դեկանները: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ավարտական քննությունները սկզբունքային և առանցքային նշանակություն ունեն, և արվել է ամեն ինչ, որ դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին: «Մենք պետք է կարողանանք հանգիստ խղճով ձեզ գործընկերներ կոչել և վստահ լինեք, որ կարող եք իրականացնել այն բոլոր նպատակներն ինչի համար անցել եք այս դժվարին ճանապարհը»,- ասաց ռեկտորն՝ ընդգծելով, որ բժշկի համար վստահություն առաջացնելը մեծ պատիվ է, իսկ այդ վստահությունն արդարացնելը՝ պարտականություն: Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ այսպիսի ավանդույթները կգեղեցկացնեն Բժշկական համալսարանի պատմությունը և հիշարժան կլինեն բժշկական բուհն ավարտած յուրաքանչյուր ուսանողի համար: «Այսօր տեղի կունենա նաև ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությունը, ինչպես նաև, ավանդույթի համաձայն, ԵՊԲՀ անվանական կրթաթոշակառուներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ կուրսանտները կստանան իրենց ավարտական դիպլոմները: Կեցցե՛ք դուք, որ արժանացաք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարմիր դիպլոմների»,- ասաց ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ ԵՊԲՀ յուրաքանչյուր շրջանավարտ նվիրավածությամբ կիրականացնի իր առաքելությունը: 100-ամյա բուհի կայացման ու հաջողությունների ակնքներում կանգնած ուսուցիչների խորհրդի համաձայն՝ ամեն նոր սերունդ պարտավոր է լավը լինել նախորդից, և այսօրվա սերունդն այդպիսի մեծ առաքելություն ունի: Բուհի նվիրյալները բարձր առաջադիմությամբ ավարտած ապագա բժիշկներին կոչ արեցին նայել միայն առաջ, քանի որ բժշկությունը հիմնված է փորձի, ինչպես նաև զարգացող գիտելիքների վրա: «Միշտ առաջնորդվեք «Մի՛ վնասիր» սկզբունքով: Իսկ դա հնարավոր է, եթե ունեք պատվարժան ուսուցիչներ և գիտելիքներ»,- եզրափակեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նշենք, որ ԵՊԲՀ 923 շրջանավարտ Հիպոկրատի երդումով խոստացել են հավատարիմ մնալ բժշկի կոչմանը՝ հպարտությամբ կրելով բժշկի սպիտակ համազգեստը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր