96126 դիտում
19:17 24-07-2019
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 25 տարի առաջ ստեղծված Նոր թաղամասում դեռ քարե դար է. 4000-ից ավելի բնակիչներ չունեն մարդավայել ապրելու տարրական պայմաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 15 օրից ավելի է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 12 փողոցում գտնվող Նոր թաղամասի 4000-ից ավելի բնակիչներ իրենց «գլոբուսից դուրս են համարում»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ասում են, թե 21-րդ դարում մարդիկ դրական փոփոխությունների են ականատես լինելու, բայց մենք 21-րդ դարում մեզ համարում ենք քարե դարի բնակիչներ։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում 4000-ից ավելի բնակչություն ունեցող թաղամասում ճանապարհները լինեն անբարեկարգ, բնակչությունն օրերով խմելու ջրին կարոտ մնա։ Ջուրը տարաներով ուրիշ տեղերից ենք բերում, ամառվա այս տապին անգամ կոյուղում օգտագործելու ջուր չենք կարողանում ունենալ ու էս վիճակը 15 տարուց ավելի է։ Դիմել ենք բոլոր պատկան մարմիններին՝ Երևանի քաղաքապետարան, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, «Վեոլիա Ջուր» ու բոլոր տեղերից ստացել ենք նույն պատասխանը. «Լավ կլինի»։ Եթե էս ձևի է լավ լինելու, ավելի լավ է՝ մենք մեր գլխի ճարը տեսնենք»։
Բնակիչներն ասում էին նաև, որ իրենք բոլոր ծառայությունների համար վճարումներ են կատարել. «Ամեն ամիս գալիս են ու պահանջում, որ վճարում կատարենք։ Մենք էլ չեղած բանի համար վճարում ենք։ Հասարակ օրինակ, ջրի նասոսը միացնում ենք, որը հոսանքով է, ջրի փոխարեն օդ ենք ստանում։ Քանի տարի՝ չի լուծվում այս խնդիրը։ Նախկինում գիշերը ժամը 2-3-ը, որոշ դեպքերում էլ՝ մինչև ժամը 4-ը ջուրը ծլծլալով գալիս էր, բայց 15 օրից ավելի է՝ դրանից էլ զրկվանք։ Զանգահարում ենք թեժ գիծ, ասում են՝ աշխատում ենք, որպեսզի կարգավորենք խնդիրը, ու էդպես 15 օր շարունակ։ Աղբահանության մասին էլ խոսք չկա։ Նախկինում Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գոնե աղբամաններ կային, իսկ հիմա դրանք էլ չկան։ Աղբահանությունն էլ մեր թաղամասում բարձիթողի վիճակում է։ Չգիտես՝ որ մի «խելոքի» հանձարարականով աղբամանները տարան։ Հիմա գոնե վարչական շրջանի ղեկավարը իր լծակները գործի դնելով՝ լուծի առաջնային՝ ջրի և աղբահանության խնդիրը։ Էդ ամենի մասին դիմել ենք նաև Ազգային ժողովի մեր պատգամավոր Գագիկ Պապոյանին, ով այցելեց թաղամաս, տեղում ծանոթացավ մեր բարձրացրած խնդիրներին, խոստացավ, որ կդիմի համապատասխան մարմիններին, որպեսզի բնակիչներին օգնեն, սակայն նա էլ դառավ «ռսի զավտռա»։
Ժողովուրդը նաև թաղամասի մասին անեկդոտ է հնարել՝ ասելով. «Երեխան մոր հետ փողոցով քայլում է և տեսնում է մահվան թափոր։ Երեխան մորն ասում է՝ մա՛մ, էս պառկած մարդուն ո՞ւր են տանում, մայրն ասում է. «Է՜, բալա ջան, ընենց տեղ են տանում, որ ոչ գազ կա, ոչ ջուր կա, ոչ ասֆալտ կա, մի խոսքով՝ բալա ջան, ոչ մի բան»։ Երեխան էլ սկսում է լաց լինել՝ ասելով. «Մամա, ջան, մե՞ր տուն են բերում»։
Ու հիմա բնակիչներն ասում են, որ մեր հույսը միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Թե չէ քաղաքապետից հույս չունենք»։
[color=#EF2929]Քիչ առաջ բնակիչների հետ հանդիպման ժամանեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով 3 ժամից ավելի բնակիչների հետ մանրամասն քննարկեց բարձրացված խնդիրները, ոտքով եղավ գրեթե բոլոր խնդրահարույց վայրերում ու բնակիչների հետ պայմանավորվեցին, որ բարձրացված հարցերը թաղապետարանը վերցնելու է իր հսկողության տակ և անելու է ամեն ինչ, որպեսզի բնակիչները զգան դրական փոփոխության շունչը։[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8548 դիտում
17:00 24-02-2015
Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայում «քարե դար» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1069 դիտում
18:14 24-04-2023
Ինչպես և մեկ դար առաջ, այսօր էլ հայ ժողովրդի՝ իր հողում ապրելու կամքն անբեկանելի է․ «Ապրելու երկիր»