211652_close_icon
views-count1512 դիտում article-date 12:16 27-07-2019

Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի մարզում: Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և մարզպետարանի ներկայացուցիչներին: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք հիմնահարցերի: Մասնավորապես, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, ներառական կրթության ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին պատշաճ բուժօգնության ապահովմանը, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացառմանը, կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, վթարային բնակելի շենքերի վիճակի լուծման ուղիները և այլ առաջնահերթություններ: Հանդիպման ընթացքում նշվել է, որ մարզում բնակվող փախստականների համար ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ի տարբերություն սահմանամերձ մյուս մարզերի: Քննարկվել է արծվաշենցիների բարձրացրած փոխհատուցման հարցերը: Ընդգծվել է մարզում աշխատատեղերի բացակայության պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշը և դրա հետևանքով ընտնիքներում առաջացող դժվարությունները (կանանց անարդարացի ծանրաբեռնվածություն, երեխաների դաստիարակության խնդիրը և այլն): Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կաջակցի քննարկված հարցերի լուծմանը: Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչների հետ: Քննարկվել են կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորությունները, ինչպես նաև հարցեր՝ կապված աշխատանքային իրավունքների խախտումների, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, առողջության պահպանման իրավունքի հետ: Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման ուղղությամբ արդյունավետ հետևողականության և հսկողության հարցում: Նշված հարցերը քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզում գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Այցն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն» Հայաստանյան ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում:

Նմանատիպ նյութեր