1577 դիտում
12:10 02-08-2019
Նախագահ Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է «Սևան ստարտափ սամիթ-2019»-ի մասնակիցների հետ-
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան տեսակապի միջոցով միացել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել սամմիթի ընթացքով և պատասխանել նրանց հարցերին։
«Սա հրաշալի նախաձեռնություն է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սկսել են այն: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը մեծ հաջողություն կունենա: Այն շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որովհետև Հայաստանը, այնպես, ինչպես ես եմ տեսնում ապագայում, պետք է ուժեղ ներկայություն ունենա բարձր և նոր տեխնոլոգիաների ոլորտում և լինի ստարտափի երկիր: Միգուցե, մի օր մենք հնարավորություն կունենանք հռչակել Հայաստանը աշխարհի ստարտափի մայրաքաղաք,-ասել է նախագահը։-Ստարտափն այն ինստիտուտներից մեկն է, որը միավորում է այս երիտասարդներին, ինչը հիանալի է, և սա ամենակարևորն է»:
Խոսելով ստարտափերի հետագա զարգացման հեռանկարների ու պայմանների մասին՝ Հանրապետության նախագահն առաջին հերթին կարևոր է համարել որակյալ կրթությունը։ «Հայաստանն առաջատար երկրների շարքում դասելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ, և դրանցից մեկը կրթության բարձր որակն է։ Բարձր որակի կրթություն բոլորի համար՝ սկսած Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր,-նշել է նախագահը:- Յուրաքանչյուր ուսուցչի հիմնական առաքելությունն է գտնել տաղանդավորներին, և ստարտափը կօգնի մեզ գտնել տաղանդներ»։
Հաջորդ կարևոր գործոնը Արմեն Սարգսյանը համարել է միջազգային առաջատար ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որոնք միջավայր կստեղծեն ստարտափերի զարգացման համար։ «Մենք չենք կարող միայն ստարտափ կամ լավ գաղափարներ ստեղծել, եթե չունենանք գիտության և նոր տեխնոլոգիաների ենթակառուցվածքներ։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են IBM-ը, Google-ը, Leonardо-ն՝ ապահովելու նրանց ներկայությունը Հայաստանում: Եթե միջազգային խոշոր ընկերությունները ներկա լինեն Հայաստանում, նրանք զարգացման հատուկ որակ կթելադրեն»:
Մյուս կարևոր գործոնը նախագահը համարել է փոխկապվածությունն աշխարհի հետ։ «Մենք բնական եղանակով կապված ենք աշխարհի հետ, քանի որ հայերն ապրում են ամենուր։ Շատ տաղանդավոր հայեր աշխատում են Կալիֆոռնիայում, Սիլիկոնյան հովտում,-ասել է նա: -Այնպես որ, կարևոր է ստեղծել հանգույց բոլորի միջև և ոչ միայն՝ հայերի: 21-րդ դարը լինելու է այն երիտասարդներինը, որոնք ունեն հավակնություն և խիզախություն՝ մարտահրավեր նետելու և ներկայացնելու իրենց նոր գաղափարները»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է բարենպաստ վայր լինի երիտասարդ տաղանդների համար․ «Երիտասարդ տաղանդները միշտ փնտրում են համապատասխան միջավայր, և այդ միջավայրը 21-րդ դարի տեխնոլոգիական տարածքն է: Այնպես որ, Հայաստանը պետք է ունենա նման տարածք»։
Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս աջակցել «Սևան ստարտափ»-ին։ «Ես ձեզ հետ եմ, ես ձեր ստարտափ հանրության անդամն եմ, պատրաստ եմ օգնել ձեզ, ստեղծել նոր ճանապարհ՝ աշխատելու նոր սերնդի հետ։ Դուք երիտասարդ եք, ամեն ինչ առջևում է, սակայն աշխարհը շատ արագ է առաջ շարժվում: Այնպես որ, դուք նույնպես պետք է արագ լինեք»:
Նախագահը պատասխանել է նաև Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հարցերին։
«Սևան ստարտափ սամմիթ 2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև անկաշկանդ կապի հաստատումը։
«Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
14:18 05-08-2019
«Սևան ստարտափ սամիթ 2019»-ի հաղթողները մրցանակներ ստացան
7708 դիտում
21:15 14-06-2017
Ստորագրվել է քառակողմ հուշագիր՝ «Սևան Ստարտափ սամիթ 2017» միջոցառման անցկացման վերաբերյալ
1540 դիտում
22:43 28-07-2024
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի փակման արարողությանը
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»