211652_close_icon
views-count3088 դիտում article-date 19:37 05-08-2019

Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել 2014 թ. գաղտնի զեկույցի օրինակը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2014 թ.-ի գաղտնի զեկույցի մասին հայտարարությանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել էր դեռևս 2014 թ․-ին գրված գաղտնի փաստաթղթից որոշ մանրամասներ՝ կապված պետության վիճակի հետ։ Նա փաստաթղթի անունը չէր նշել, բայց շեշտել էր, թե հեղինակները բավականին համարձակ գնահատականներ են տվել: «Այս փաստաթուղթը տալիս է ամբողջական պատկերացնում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, ինչ վիճակում է եղել, ցույց է տալիս, որ առկա խնդիրները հնարավոր չէր լինի շտկել այս մեկ տարում։ Այս փաստաթուղթը կարևոր է այն առումով, թե ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն, սրանից բխող եզրակացությունն այն է, որ հեղափոխության ժամանակաշրջանում, ինչ-որ առումով նաև դրանից հետո, մեր երկիրը գտնվում է ինսիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Այս փաստաթուղթն այն մասին է, որ, ըստ էության, մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով ձախողված է»,- ասել էր Ն.Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր