Ամերիկացի միլիարդատերը բանտում ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնը, որը մեղադրվում էր երեխաների սեռական շահագործման մեջ, ինքնասպան է եղել: Նրան բանտախցիկում հայտնաբերել են կախված:
66-ամյա Էպշտեյնը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 6-ին: Նրան անչափահասների սեռական շահագործման մեղադրանք էին ներկայացրել: Մեղադրական փաստաթղթում նշված էր, որ նա տասնյակ դեռահասների սեռական շահագործման համար քրեական ցանց էր ստեղծել:
Էպշտեյնը իրեն մեղավոր չի ճանաչել: Երկու շաբաթ առաջ նա ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն բանտի աշխատակիցները հասցրել էին նրան փրկել:
Ֆինանսիստ և ֆիլանտրոպ Ջեֆրի Էպշտեյնը Ամերիկայի ամենահարգված քաղաքացիներից մեկն էր համարվում: Նրա ընկերների թվում էին նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախագահ Դոնալ Թրամպը, գործարար Լես Վեքսները, Նոբելյան մրցանակի բազմաթիվ դափնեկիրները:
Որոշ ժամանակ նա դպրոցում ֆիզիկա է դասավանդել, իսկ հետո սեփական ֆինանսական ընկերությունն էր հիմնադրել և որպես գործարար մեծ հաջողությունների հասել: