211652_close_icon
views-count2317 դիտում article-date 10:36 22-08-2019

Կկարողանա՞ կառավարող հավաքականն ունենալ քաղաքական կայուն կառույցի տրանսֆորմացվելու հմտություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի հարցում կլինի՞ կառավարող ուժի տրոհում, թե ոչ: Այդ հարցադրումը ամուլսարյան խնդրի ներկայիս թեժ իրողությունների շրջանակում հաճախ շոշափվողներից մեկն է, ինչի հիմքն այն է, որ կառավարող ուժի, մասնավորապես խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության որոշմանը կամ մտադրությանը: Իհարկե, դեռ ամբողջապես և վերջնական որոշում չկա՝ դե յուրե և դե ֆակտո, այդուհանդերձ, եթե այն լինի և իրագործվի, կբերի՞ իշխանության տրոհման, «Իմ քայլի» պառակտման: Այդ հարցի կոնկրետ պատասխանը բավականին բարդ է և պետք չէ բացառել, որ դեմ դիրքորոշում ունեցող պատգամավորներից ոմանք նաև դնեն մանդատը: Բայց մանդատ դնելը դեռևս իշխանության կամ առավել ևս «Իմ քայլը» խմբակցության պառակտում չէ, և ընդհանրապես որևէ խմբակցության պառակտում լինել չի կարող: Ի վերջո, խմբակցությունները ձևավորվում են նախընտրական մեծ ցուցակներից ելնելով հենց այն սկզբունքով, որ կարող է ինչ-ինչ պատճառներով առաջանալ թափուր մանդատը լրացնելու հարց: Պառակտում կարող է դիտվել ոչ թե մանդատի վայր դնելը, այլ մանդատի պահպանման շրջանակում սկզբունքորեն այլ քաղաքական ուղենիշի, գաղափարախոսության մասին հայտարարությունն ու անցումը նոր քաղաքական վարքագծի: Հնարավո՞ր է դա, թե ոչ: Համենայնդեպս, այո, պատասխանը կարող է լինել շատ տեսական: Եվ ոչ այն պատճառով, որ դեռևս որևէ դեմ արտահայտվող իմքայլական պատգամավոր չի խոսել այդպիսի մտադրության մասին կամ թույլ չի տվել այդպիսի որևէ ենթադրության առիթ: Բանն այն է, որ խորքային առումով այդպիսի հարց շոշափելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ՝ իսկ «Իմ քայլը» խմբակցությունը, որպես այդպիսին, ձևավորվա՞ծ է իբրև մեկ կուռ կառուցվածքային միավոր՝ իր գաղափարաբանական, ծրագրա-հայեցակարգային ամբողջությամբ: Համենայնդեպս, դատելով 88 հոգանոց խմբակցության ընդհանուր քաղաքական վարքագծային վիճակագրությունից, այդ հարցին հնարավոր չէ տալ հաստատուն դրական պատասխան: «Իմ քայլը» խմբակցությունը հեղափոխությամբ ձևավորված բազմաշերտ մի հավաքական է, որի համար, խոշոր հաշվով, սկզբունքային քաղաքական քննության առաջին հարցն է միայն Ամուլսարի խնդիրը: Մինչդեռ, առաջիկայում լինելու են շատ ու շատ այլ հարցեր, ընդ որում՝ սա ապոկալիպտիկ կանխատեսում չէ, այլ պարզապես պետություն, այն էլ բարդ ռեգիոնում պատերազմական խնդիրներ ունեցող պետություն կառավարելու գործընթացի անխուսափելի իրողություն»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր