211652_close_icon
views-count1540 դիտում article-date 10:57 27-08-2019

Եթե պետության և տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները պետք է հանրաքվեով լուծվեն, ապա կառավարություն ընդհանրապես պետք չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Պատկերացրեք, որ 2016 թ. հուլիսին հանրաքվեի դրվեր հարցը՝ «արդյոք ճի՞շտ եք համարում ՊՊԾ գնդի վրա հարձակվելը և մարդ սպանելը»: Վստահ եմ, որ հայաստանցիների 90 տոկոսը դրական պատասխան կտար այդ հարցին: Եվ խնդիրն այստեղ մարդկանց գրագիտության կամ անգրագիտության մեջ չի: Հարձակմանը կողմ էին (և հիմա էլ են արդա­րացնում, բայց առանց նախկին խանդավառու­թյան) միանգամայն գրագետ մարդիկ, ուսյալ մտավորականներ: Գրագիտությունն այստեղ կապ չունի` խնդիրը ամբոխավարությունն է, հո­սանքին դեմ չգնալը, զանգվածային կրքերին տուրք տալը... Ինչպիսի՞ն է հանրաքվեի «օրինական բազան»: Համապետական հանրաքվեն իրականացվում է Սահմանադրության 204-րդ հոդվածով, որում, մասնավորապես, ասվում է. «Եթե Ազգային ժո­ղովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո՝ վաթսուն օրվա ընթաց­քում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռ­նությանը ընտրական իրավունք ունեցող ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի»: Այ­սինքն՝ կոնկրետ այսօրվա թնջուկի հետ կապված, նախ և առաջ պետք է լինի օրինագիծ, որն արգելում է Ամուլսարի հանքի շահագործումը, այդ օրինագիծը պետք է մերժվի և հետո 300 հազար քաղաքացիների ստորագրությամբ դրվի հանրաքվեի: Իհարկե, շատ ավելի հեշտ է անց­կացնել տեղական (համայնքային) հանրաքվե, ասենք, Ջերմուկ համայնքում, որն ընդգրկում է նաև Գնդեվազ գյուղը: Չնայած այդ համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության բացասա­կան կարծիքը հանքի մասին անձամբ ինձ մոտ որևէ կասկած չի հարուցում: Եվ ի՞նչ: Եթե պետության և տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները պետք է հանրաքվեով լուծվեն, ապա, ինձ թվում է՝ այդ դեպքում կառավարություն ընդհանրապես պետք չէ: Օրինակ, այս կամ այն ձեռնարկությանն ար­տոնություն տալու հարցը ինչո՞ւ է որոշվում կա­ռավարության նիստում: Կարելի է ժողովրդին հարցնել՝ նա ուզո՞ւմ է, որ այդ ձեռնարկությունն արտոնություն ստանա, թե ոչ: Իսկ Ամուլսարի հարցում մեր հարգարժան բնապահպանները կարող են չանհանգստա­նալ: Վերջին շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր կառավարությանը շատ է պետք, որ իրեն սիրեն, և, հետևաբար, նա «կլսի ժողովրդի ձայնը»: Ի դեպ, Ստամբուլյան կոնվենցիան նույնպես պետք չէ վավերացնել: Ժողովուրդը կարող է ընդվզել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր