211652_close_icon
views-count1820 դիտում article-date 22:28 10-06-2015

Հաստատվել է ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը

ՀՀ Ֆինանսների նախարարի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը: Այս տարվա` 2015-2016թթ. տարեկան ցանկում ընդգրկված է 1 631 տնտեսվարող սուբյեկտ, որոնց նկատմամբ Ֆինանսների նախարարության ստուգող ստորաբաժանումները կիրականացնեն հսկողական միջոցառումներ: Ըստ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանի, սակայն, վերջին 2 տարվա արդյունքներով մտահոգիչ վիճակագրություն է արձանագրվել` կապված այն հանգամանքի հետ, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ, չհայտնվելով ՌՉՍ ցանկում, միաժամանակ խախտում են հարկային կարգապահությունը. «Որոշ դեպքերում նվազեցնելով իրացման շրջանառությունը, իսկ որոշ դեպքերում էլ խախտում են կատարում` փաստացի չկատարված ծախսագրումների կամ ԱԱՀ-ի անհիմն դեբետագրումների նվազեցման միջոցով»: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից 2015-ի 5 ամիսների ընթացքում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 58 ստուգումից 25-ը կատարվել է ՌՉՍ ցանկից դուրս կազմակերպություններում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 9 ստուգումների փոխարեն: Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Ավետիքյանի, 58 ստուգմամբ արձանագրվել և բյուջե գանձման է առաջադրվել 3 միլիարդ 250 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ավելի է 2 միլիարդ 400 միլիոն դրամով: «Իսկ ընդհանուր գումարից ՌՉՍ ցանկից դուրս կազմակերպություններում իրականացված ստուգումներով արձանագրվել է ավելի քան 2 միլիարդ 700 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն կամ ՌՉՍ ցանկից դուրս տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումներով արձանագրվել է ընդհանուր հայտնաբերված գումարի 85 տոկոսը»,-տեղեկացրել է վարչության պետը: ՍԿԴ վարչության ստուգումներով բավականին ուշագրավ դեպքեր են բացահայտվել, մասնավորապես հարկերից խուսափելու նոր սխեմաներ: Այսպես, հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից մեկում իրականացվող ստուգման ընթացքում, ուսումնասիրելով գործընկեր կազմակերպությունների հետ հարաբերությունները, պարզվել է, որ ստուգումների տարեկան ծրագրում չընդգրկված անհատ ձեռնարկատեր Արտյոմ Բաբայանը պարբերաբար այդ կազմակերպությանը մատակարարել է ապրանքանյութային արժեքներ, որոնց ծավալները զգալիորեն գերազանցել են անհատ ձեռնարկատերիրոջ կողմից հայտարարագրած իրացման ծավալները: Արտյոմ Բաբայանի մոտ իրականացված ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողի իրացման փաստացի շրջանառությունը կազմել է ավելի քան 250 միլիոն դրամ` նրա կողմից հայտարարագրված 89 միլիոն դրամի փոխարեն: Իրականացված ստուգմամբ արձանագրվել և գանձման է առաջադրվել 150 միլիոն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Մեկ այլ դեպքով էլ «Բեսթ օֆեռ սիսթեմա» ՍՊԸ-ում կամերալ ուսումնասիրությամբ և տեղեկատվական բազայի տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ի ձեռքբերումների, ծախսերի և ԱԱՀ-ի գծով կատարված հաշվանցումների միջև առկա են էական շեղումներ: Կատարված ստուգման արդյունքում կազմակերպությանը լրացուցիչ գանձման է առաջադրվել 52 միլիոն դրամ, որից 29 միլիոն դրամը` շահութահարկի գծով, իսկ 23 միլիոն դրամը` ԱԱՀ-ի գծով: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը զգուշացնում է անբարեխիղճ տնտեսվարողներին. «Հատկապես նրանք, ովքեր չեն գտնվում ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների ցանկում` չփորձեն խախտել հարկային կարգապահությունը, չթաքցնեն կամ նվազեցնեն հարկման օբյեկտները և չթերհայտարարագրեն իրացման շրջանառությունները: Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու, վերհանելու և օրենքի ամբողջ խստությամբ նրանց նկատմամաբ կոշտ վարչարարություն իրականացնելու հարցում»,-հորդորել է վարչության պետը:

Նմանատիպ նյութեր