211652_close_icon
views-count2659 դիտում article-date 18:20 28-08-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը: Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` պրն. Սեյեդ Քազեմ Սաջադին Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում իր քառամյա ծառայության արդյունքներն ու ձեռքբերումները: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը անդրադարձան մարդկային կյանքում հոգևոր, բարոյական արժեքների համահարթեցման, հոգևոր արժեհամակարգի խաթարման վտանգներին: Առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվեց կրոնների դերակատարությունը և կրոնական կառույցների ջանքերի մեկտեղումը: Ընդգծվեց, որ հոգևոր, բարոյական արժեքների զորացումով է միայն հնարավոր դիմագրավել բոլոր փորձությունները և ավելի բարի, ապահով ու խաղաղ դարձնել աշխարհը: Խոսվեց նաև Իրանի հայ համայնքի հոգևոր կյանքի մասին: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր