211652_close_icon
views-count2141 դիտում article-date 23:20 28-08-2019

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքներ են ընթանում. վերանորոգվում է մեծահասակների ամբուլատոր-կլինիկական հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծաթիվ հիվանդների հոսքին զուգահեռ՝ Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքներ են: Վերանորոգվում է մեծահասակների ամբուլատոր-կլինիկական հատվածը: «Այս տարի համայնքային բյուջեից 70 մլն դրամ է հատկացվել մեծահասակների ամբուլատոր-կլինիկական հատվածի նորոգման համար, որը հնարավորություն կտա ընդլայնել մատուցվող ծառայությունները»,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և հավելում՝ քաղաքային իշխանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, միաժամանակ նաև տեխնիկական հագեցվածությանը: Սրտաբանական կենտրոնի աշխատանքներին և ծրագրերին ծանոթացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի և կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ նախարարը շրջեց մեծահասակների, նաև մանկական բաժանմունքներում, եղավ առիթմոլոգիայի կլինիկայում, ծանոթացավ լաբորատոր-գործիքային հագեցվածությանը: «Քաղաքապետարանի և կառավարության աջակցությամբ, նաև վարկային միջոցներով կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիա սարքավորումներով, նաև Հայաստանում միակ ներանոթային և արիթմոլոգիական սարքավորմամբ»,-նկատել է կենտրոնի տնօրենն ու հավելել, որ միայն հուլիսին առիթմոլոգիական 30 վիրահատություն է արվել, ինչը սովորաբար 2-3 ամսվա նորմն է: «Կենտրոնն այս տարի ունեցավ բյուջետային աճ՝ մոտ 750 մլն դրամի չափով, որը հանգեցնելու է նոր ու մատչելի ծառայությունների մատուցմանը: Շատ կարևոր է, որ համայնքը ևս ներդրումներ է անում ոլորտի զարգացման համար»,-նշել է նախարար Թորոսյանը: Նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբեր: Բուժկենտրոնի տնօրենը նկատում է. ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվն աճում է, և շենքային պայմանները բարելավելու կարիք կա: Նոր մասնաշենքի կառուցումը կլինի լավագույն լուծումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր