2006 դիտում
23:28 29-08-2019
Մեր արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերություններում մեր ներգրավումը սպասարկում է Հայաստանի ազգային շահը. Զոհրաբ Մնացականյան
[b]ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Ազգային Ժողովում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումից հետո.[/b]
Հարց․ Այս օրերին Երևանում ընթանում է դեսպանահավաքը, որի ընթացքում արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են հստակեցվելու։ Ինչու՞ հենց այս փուլում որոշվեց նման հստակեցում կատարել:
Զոհրաբ Մնացականյան․ Սա առաջին համաժողովն էր Թավշյա հեղափոխությունից հետո, առաջին համաժողովն էր նաև նոր կառավարության ձևավորմանը հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո:
Մենք ձևավորել ենք Կառավարության ծրագիրը, որի մեջ արտահայտված է արտաքին ոլորտը։ Մենք ձևակերպել ենք այդ բոլոր գերակայությունները։ Կարծում եմ այս համաժողովն անցկացնելը չափազանց լավ առիթ է՝ ավելի ընդարձակելու, ավելի լայն խոսելու մեր արտաքին քաղաքականության մասին՝ Կառավարության ծրագրի իրականացման մեր այդ ներուժը լավագույնս օգտագործելու համար: Սա լավ առիթ է և՛ մեր միջազգային գործընկերների, և՛ մեր հասարակության, և՛ մեզ համար, և՛ իմ գործընկերների համար, ովքեր իրականացնում են կառավարության ծրագիրը, և՛ տեղերում, և՛ կենտրոնական ապարատում, և՛ դեսպանություններում, ավելի հստակեցնելու այն, ինչ բխում է Կառավարության ծրագրից, այն, ինչ արտահայտվել է կառավարության ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի կողմից տարբեր առիթներով, այն, ինչ արտահայտվել է իմ՝ Արտաքին գործերի նախարարի և կառավարության մյուս անդամների կողմից՝ ծրագիրն իրականացնելու, ամփոփելու և ավելի հստակ, ընկալելի դաշտ բերելու նպատակով: Եվ այստեղից է բխում, որ մենք առաջնորդվում ենք արժեքներով, մենք ունենք ազգային շահեր, արժեքներ գործողության մեջ, որոնք նպատակ ունեն սպասարկելու Հայաստանի ազգային շահերը միջազգային ոլորտում, այս փոփոխվող աշխարհում։ Նաև հստակեցրինք սկզբունքները՝ ինքնիշխանության, համահայակականության և փոխգործակցության առումով։ Մեր նպատակն է՝ հստակեցնելու արտաքին քաղաքականության մեթոդը, սկզբունքները, գերակայությունները։ Ե՛վ վարչապետի ելույթում, և՛ իմ ելույթում մենք նաև ավելի ընդարձակ խոսեցինք թե՛ աշխարհագրական և թե՛ մեր թեմատիկ գերակայությունների մասին։
Ցանկանում եմ նորից կրկնել, որ շատ կարևոր է ընդգծել և հատուկ անդրադառնալ նրան, որ մեր արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերություններում մեր ներգրավումը սպասարկում է Հայաստանի ազգային շահը, մեր ներքին ռեսուրսի բարելավումը և ուժեղացումը՝ միջազգային համագործակցությունն օգտագործելու ճանապարհով։
Հարց․ Պարո՛ն Մնացականյան, Դուք տեղյա՞կ եք՝ վարչապետ Փաշինյանն ինչու է մերժել Վարշավայում միջոցառումներին մասնակցելու հրավերը։ Կա՞ այստեղ արդյոք ռուսական ազդեցություն։
Զոհրաբ Մնացականյան․ Ո՛չ, սա ինքնիշխանության արտահայտություն է։ Մենք չենք մերժել։ Վարչապետն ունի իր այցերի ծրագիրը, որը և իրականացնում է, և նաև ունի ներքին քաղաքականության իր գերակայությունները։ Երբ մենք համադրում էինք, մեզ պետք էր պարզապես գտնել՝ ինչպես վարվել բազմաթիվ հարցերում, որոնք առնչվում են այցերին, արտաքին քաղաքականությանը և ներքին գերակայություններին։ Սրանից ելնելով է, որ մենք այսպես վարվեցինք։ Եթե Դուք նկատի ունեք, որ ճնշման տակ նա որոշեց, ի՞նչ առումով։
Հարց․ Նույն Լուկաշենկոն էլ հրաժարվել էր մասնակցել։ Ռուսաստանին հրավեր չեն ուղարկել․․․
Զոհրաբ Մնացականյան․ Այստեղ հարցն ուրիշ է։ Այստեղ հարցը նաև սկզբունքային է․ երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքում մենք ներկայացնում ենք մի երկիր, որն անմիջական առնչություն, ներգրավվածություն է ունեցել։ Ես վստահ եմ, որ կարիք չունեմ հիմա ընդարձակ խոսելու, թե ինչ մեծ ներդրում են ունեցել հայ ժողովուրդը, հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ լինելով այն ժամանակվա Խորհրդային Միության, Խորհրդային բանակի մաս։ Իհարկե՛, մենք ունենք որոշ նրբազգացություն, թե ինչպես է այս հարցն իր էությամբ, իր ամբողջությամբ արտահայտվում տարբեր հարթակներում։
Մեր պապերը, մեր հայրենակիցները, լինելով Խորհրդային բանակի մի մաս, եղել են սրա անմիջական մասնակիցը: Մենք ունեցել ենք զոհեր, մենք ունեցել ենք հերոսներ, մենք ունեցել ենք գեներալներ, մարշալներ, մենք հսկայական զոհեր ենք ունեցել․ մեկ շնչի հաշվով հայ ժողովրդի կողմից տված զոհերը շատ մեծ են։ Այդ ժամանակ մենք եղել ենք Խորհրդային բանակի մաս և պայքարել ենք նացիզմի դեմ և պաշտպանել ենք մեր մեծ միասնական հայրենիքը։ Բնական է՝ պետք է ունենանք որոշ զգայունություն այդ հարցերում։ Շնորհակալություն։
Հարց.Պարո՛ն Մնացականյան, pravda.ru լրատվականը «Հայաստանը, ՀԱՊԿ-ի անդամ լինելով, ԵԱՏՄ անդամ լինելով՝ հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ» խորագրով հոդված է գրել: Ինչպե՞ս եք գնահատում:
Զոհրաբ Մնացականյան. Ես, անկեղծ ասած, այդ հոդվածը չեմ տեսել, և Ձեր ասածից դատելով՝ կարծես թե ցանկություն էլ չեմ ունենալու տեսնելու: Հայաստանը շատ հետևողական է իր առջև դրած, իր որդեգրած քաղաքականության մեջ: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է: Ե՛վ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ լինելով, հիմնվելով ինքնիշխանության սկզբունքի վրա, ելնելով մեր ազգային շահից՝ մենք աշխատում և խորապես համագործակցում ենք այս երկու կառույցներում: Մենք ունենք համագործակցություն տարբեր այլ կառույցներում, և այսօր Խորհրդարանում նույնպես խոսվել է դրա մասին: Այո, մենք այն երկիրն ենք, որն ունի ԵԱՏՄ-ի անդամակցություն և ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիր Եվրամիության հետ: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և միևնույն ժամանակ ռազմաքաղաքականության դաշտում համագործակցում է տարբեր այլ գործընկերների հետ: Ես այսօր էլ առիթ ունեցա ասելու, որ սա բխում է մեր ազգային շահերից, գերակայություններից, և մեր առջև դրված կարևորագույն նպատակը և նաև խնդիրն այդ ներգրավվածությունը, ներգրավվումները և համագործակցությունն ՝ այնպես ապահովելն է, , որպեսզի երբևէ չգանք մի իրավիճակի, երբ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները կկառուցենք մյուսի հաշվին:
Հարց. պարո՛ն նախարար, Ադրբեջանի արտգործնախարարությունն է արձագանքել հայատյաց քաղաքականության մասին Ձեր վերջին գնահատականներին՝ կարծիք հայտնելով, թե Հայաստանը հակամարտության շուրջ իրավիճակ է սրում:
Զոհրաբ Մնացականյան. Մենք կարծես թե բավական հետևողական ենք մեր դիրքորոշումներում. մենք խոսել ենք կարգավիճակի մասին: Նկատեցի որոշ մեկնաբանություններ, որ մենք առավել բացել ենք այդ շրջանակները: Կարծես թե մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու սրա մասին: Բացել ենք, ավելի լայն ենք խոսել, ընդարձակ ենք խոսել, բայց միշտ նույն բանի մասին ենք խոսել. մեզ համար բանակցային գործընթացը շարունակական է, մենք ունենք մեր մոտեցումները, մեր դիրքորոշումները, մենք խոսել ենք մոտեցումների, դիրքորոշումների համադրության, հանձնառությունների հավասարարժեքության անհրաժեշտության մասին, մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում կարգավիճակ, ինչ է նշանակում անվտանգություն, ինչ է նշանակում «խաղաղությանը այլընտրանք չկա», ինչ է նշանակում «բարենպաստ միջավայր», ինչ է նշանակում «Արցախի մասնակցություն»: Այս ամենի մասին խոսել ենք: Կարող եմ նորից անդրադառնալ իմ ելույթին, վարչապետի ելույթին: Վարչապետը դրա մասին խոսել է Ստեփանակերտում առաջարկած կոնսենսուսների շարքում. «Կոնսենսուս համար 6»-ում ինքն անդրադարձել է շատ հստակ: Այդ առումով մենք չափազանց հետևողական ենք:
Այդ բոլոր մեկնաբանություններն առավել անընդունելի են, երբ որ անցնում են քաղաքավարության չափերը, բայց, համենայն դեպս, մենք հետևողական ենք, և մենք շատ հանգիստ աշխատում ենք մեր օրակարգի շուրջ:
Հարց. Դուք կարծում եք, որ վերջին մեկնաբանությունները սրման վերաբերյալ անցե՞լ են քաղաքակրթության չափը:
Զոհրաբ Մնացականյան. Դուք ո՞րն եք ասում, Ստեփանակերտից հետո՞: Ինձ համար անընդունելի են:
Հարց. Ոչ, վերջին Ձեր հայտարարությունից, վերջին Ձեր ելույթից հետո:
Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ էլ ուզում առանձնապես մեծ նշանակություն տալ, որովհետև դա նշանակում է մտնել մի դաշտ, որն ինձ համար հետաքրքիր չէ:
Հարց. Այս պահին բանակցային գործընթացն ի՞նչ փուլում է, պարո՛ն Նախարար:
Զոհրաբ Մնացականյան. Բանակցային գործընթացը, իմ գնահատմամբ, այս տարվա ընթացքում եղել է բավական դինամիկ, և սա արտահայտում է այն մտադրությունը, որը մենք միշտ շատ պարզ արտահայտել ենք:
Հարց. Այս պահին սառնություն չե՞ք տեսնում:
Զոհրաբ Մնացականյան. Մենք մտադրություն չունենք: Մենք անցյալ տարվա մայիսից սկսած որևէ ընդմիջում չենք վերցրել, որևէ խնդիր չենք ունեցել, անմիջապես ներգրավվել ենք: Եվ այդ առումով մենք ծրագրում ենք մոտակա ժամանակներս, որը նորից պետք է հայցեմ Ձեր ներողամտությունը, պետք է արտահայտենք միաժամանակ, համաձայնեցված կարգով:
Հարց. Իսկ երկրի ղեկավարների մակարդակո՞վ:
Զոհրաբ Մնացականյան. Երկրի ղեկավարների մակարդակով այս պահին ես չեմ ասի, որ մենք այն ծրագրում ենք: Մենք շարունակում ենք աշխատել, այժմ մեր նպատակը այդ երկխոսությունն արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակելն է:
Հարց. Դեսպանների հետ հանդիպման ժամանակ, պարո՛ն նախարար, վարչապետը հայտարարեց, որ 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը բառի բուն իմաստով համաշխարհային իրադարձություն է, և որ դեսպանները պետք է այդ հանգամանքը օգտագործած լինեին Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու…
Հարց. Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ հեղափոխությունից հետո արտաքին քաղաքականությունում որևէ բան կարծես թե չի փոխվել:
Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է փոփոխությանը, նայած ինչն ենք գնահատում որպես փոփոխություն, որովհետև կառավարության ծրագիրն առավել քան պարզ արտահայտում է այն, ինչ հայտարարվել է շատ հստակ վարչապետի կողմից. արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը շրջադարձեր չի արել և չէր անելու, և դա արտահայտված է կառավարության ծրագրում, դա արտահայտում է կառավարության հստակ նպատակը:
Եթե հիմա խոսքը գնում է այն մասին, որ որևէ փոփոխություն չի եղել, ի՞նչ իմաստով չի եղել այդ փոփոխությունը: Մենք նպատակ չունեինք արտաքին քաղաքականության այնպիսի փոփոխություններ անելու, որոնք մեզ կարող էին դնել մի իրավիճակի մեջ, որը կհակասեր մեր հռչակած ծրագրին:
Ինչ վերաբերում է մեր սկզբունքների հստակեցմանը, այստեղ շատ կարևոր է առավել ևս հստակեցնելու այն սկզբունքները, այն մեթոդները, որով մենք իրականացնում ենք արտաքին քաղաքականությունը, ներառյալ ինքնիշխանության սկզբունքը, որտեղ առավել ընդգծում ենք մեր մոտեցումը հայաստանակենտրոնության վրա, հայկական շահի վրա ձևավորված մեր արտաքին քաղաքականության իրականացումը: Բոլոր ուղղությունները՝ աշխարհագրական և թեմատիկ, բխում են մեր ազգային շահերից: Սա է ընգծվում կառավարության աշխատանքի մեջ, սա է ընգծվում դիվանագիտական մարմինների աշխատանքներում:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին՝ որպես մեր կարևորագույն արժեքներից մեկը լինելուն, ինչն ընդգծվել է նաև իմ ելույթում, դա, բնականաբար, արտահայտվում է արտաքին քաղաքականության դաշտում, գործունեության մեջ, դա արտահայտում է այն հսկայական ներուժը, որը փոխանցվում է արտաքին քաղաքականությանը՝ իրականացնելու այդ գործառույթը: Երբ դու ունես ներքին ամրություն, այդ ներքին ամրությունը շատ հստակ փոխանցվում է արտաքինին:
Հարց. Դեսպանները կարողացե՞լ են իրենց երկրներում տեղ հասցնել, որ սա համաշխարհային իրադարձություն է, և այդպիսով բարձրացնել Հայաստանի հեղինակությունը: Վարչապետն ասում էր, որ պետք է որ դեսպանները կարողացած լինեն դա անել:
Զոհրաբ Մնացականյան. Այո՛, սա դեսպանների գործառույթն է, բայց այն դրանով չի սահմանափակվում: Իրենք ներկայացնում են Հայաստանն իր ողջ ծավալով, որը ներկայանում է նաև իր ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով և Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն այս փոփոխությամբ՝ հեղափոխությամբ: Եթե դեսպանը նման բան չի անում, նշանակում է, որ իր գործը լիարժեք չի անում:
Հարց. Իսկ կարողացե՞լ են արդյունավետ կատարել:
Զոհրաբ Մնացականյան. Իմ գնահատմամբ անցած տարվա ընթացքում մեզ համար, առաջին հերթին կենտրոնական ապարատի համար շատ Էական էր ինստիտուցիոնալ կերպով ուժեղացնել այդ սինխրոնիզացված և համապարփակ արտաքին քաղաքականության իրականացումը: Իմ գնահատմամբ, մենք բավական հաջող կերպով շարժվել ենք առաջ, քաղաքականություն իրականացնելու առումով՝ հիմնվելով կառավարության ծրագրի իրականացման վրա: Այսօրվա այս հավաքն առավել քան կարևոր էր հենց դրանով, որպեսզի անցյալ տարվա իրադարձություններից հետո առաջին այս հավաքը ամրապնդեր այդ հիմքերը, որպեսզի մենք այդ համապարփակ արտաքին քաղաքականության իրականացման մեր ներուժը առավել ուժեղացնենք: Սա էր մեր այս համաժողովի կարևորագույն նպատակը:
Հարց. Վարչապետը «պետք է որ», անցյալով էր խոսում, այսինքն մինչև այս պահն այդքա՞ն էլ չեն գոհացնում….
Զոհրաբ Մնացականյան. Մենք բազմիցս քննարկել ենք վարչապետի հետ, միշտ շատ հստակ անդրադառնում ենք այս հարցերին: Ունենք և՛ քննադատության, և՛ գոհունակության առիթներ, և մենք շատ սերտ աշխատում ենք այդ առումով: Վարչապետը, կառավարության ղեկավարը լինելով, ունի իր գնահատականները, ունի իր մոտեցումները, և մենք, որպես կառավարության մեկ միասնական թիմ, շատ հստակ աշխատում ենք, գնահատում ենք՝ ինչն է լավ և ինչն է վատ: Եթե Դուք մեկ ամբողջը տեղափոխում եք, որ ամենը պետք է լավ լինի կամ վատ, ապա…
Հարց. Պարո՛ն Մնացականյան, շատ էր խոսվում քաղաքական նշանակումների մասին, որ նախկինում դեսպանները նշանակվել են քաղաքական նկատառումներով: Հետագայում հնարավո՞ր է խուսափել նման նշանակումներից:
Զոհրաբ Մնացականյան. Նորից կրկնեմ, որ վարչապետն այդ առումով շատ հետևողական է և շատ մեծ աջակից՝ դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականություն իրականացնող ինստիտուտի այդ ներուժի ամրապնդման առումով: Նա շատ հետևողական է, և ես ինձ համար շատ մեծ, կարևորագույն խնդիր եմ համարում այս մասնագիտության ներուժի, ինստիտուտի, պետականության մշտական ամրապնդումը, պրոֆեսիոնալիզացումը:
Հարց. Կա՞ն երկրներ, որտեղ առաջիկայում դեսպանների փոփոխություն է սպասվում…
Զոհրաբ Մնացականյան. Ճիշտ կլինի, որ ես չանդրադառնամ այդ հարցին, որովհետև նման հարցերի մասին ինձ թույլ չեմ տա պարզապես խոսել, առաջ բերել հարցեր, որոնք պետք է արդեն լուծում ունենան, որովհետև դեսպանների նշանակման հարցը վերաբերում է մեկ պետության որոշմանը և մյուս պետության համաձայնությանը:
Հարց. Նշանակման առումով՝ այո, բայց հետկանչման առումո՞վ:
Զոհրաբ Մնացականյան. Հետկանչումը նշանակում է ռոտացիոն գործառույթի իրականացում: Հետկանչումն այն է, երբ դիվանագետն ավարտում է իր առաքելությունը մի երկրում, տեղափոխվում է մեկ այլ երկիր կամ վերադառնում է:
Հարց. Կամ կադրերի ռեզերվում հայտնվու՞մ:
Զոհրաբ Մնացականյան. Անկեղծ ասած, կադրերի կառավարման գործընթացի բարեփոխումը մեզ համար հիմա կարևորագույն հարցերից մեկն է: Մենք փորձում ենք լավագույնս օգտագործել մեր ռեսուրսը: Այսինքն, եթե կա իրավիճակ, որ կա ռեսուրս, որը օգտագործելի չէ, այն անպայման չէ: Իրականացվող բարեփոխումը վերաբերում է նաև դրան. ունենալ իրավիճակ, երբ մենք չօգտագործվող ռեսուրսը նվազեցնում ենք կամ չունենք ընդհանրապես:
Հարց. Պարո՛ն նախարար, նյույորքյան այցի ընթացքում արդեն հայտնի՞ է՝ հնարավոր է լինի ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը:
Զոհրաբ Մնացականյան. Չեմ շտապի ասել:
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
17:12 31-07-2019
Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայակենտրոն է. Զոհրաբ Մնացականյան
4177 դիտում
18:38 28-09-2016
Արտաքին ֆինանսական միջոցների ներգրավումը խիստ սահմանափակվել է. Մանուկ Հերգնյան
Այս բաժնից
412 դիտում
17:29 01-11-2024
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը
373 դիտում
16:55 01-11-2024
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը