211652_close_icon
views-count1812 դիտում article-date 20:23 16-09-2019

Ամփոփվել են Արարատում և Արմավիրում լոլիկի ցեցի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագրի արդյունքները. վնասներ չեն արձանագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցներն, ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ, այցելել են Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքներ` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրի շրջանակում կատարված պայքարի միջոցառումների արդյունավետության գնահատման համար։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Ծրագրի շրջանակում վերը նշված երկու համայնքի 10 հեկտար տարածքում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց: Այցի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ լոլիկի պտուղները և բույսերը վնասատուներից զերծ են։ Ծրագրի շահառու ֆերմերներ Սարգիս Մուրադյանն ու Արմեն Միսակյանը գոհունակություն են հայտնել իրականացված ծրագրի արդյունքների վերաբերյալ: Նշելով, որ պիլոտային այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դարձել ստանալ բարձր և որակյալ բերք՝ նրանք հույս են հայտնել, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։ Ծրագրի իրականացման ընթացքում երկու համայնքում կազմակերպվել են դաշտային սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, մասնակիցներին տրամադրվել են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերի, վնասների ու ախտանիշների վերաբերյալ խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր