211652_close_icon
views-count3435 դիտում article-date 09:23 17-09-2019

Մինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվում էր, Փաշինյանը հայտարարեց Վանեցյանի պաշտոնանկության մասին «168 ժամ».

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով: Այս փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններն այսուհետ համարվելու են քաղաքական պաշտոն, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Հիշեցնենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ: Տեղեկացնենք, որ, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի՝ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: «168 ժամ»-ին մինչ այդ հայտնի էր դարձել, որ ՀՀ Արդարադատության նախարարությունում ևս մշակվում էր Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով մի շարք փոփոխություններ էին նախաձեռնվել՝ թեթևացնելու պահանջները, որոնք նախատեսված են այդ մարմիններում ծառայության ու ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար։ Այսինքն՝ արդեն իսկ սպասվում էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ փոփոխություններն անում է իրեն ցանկալի կոնկրետ մարդկանց այդ պաշտոններում նշանակելու համար։ Եվ ահա, նախագիծն ԱԺ ներկայացվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից։ Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ սկզբունքորեն ԱԺ ներկայացված և առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված նախագիծն Արդարադատության նախարարության և «Լուսավոր Հայաստանի» կազմած նախագծերի սիմբիոզն է, և «Լուսավոր Հայաստանը» կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը… Եվ ահա, մինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում միաձայն ընդունվում էր, Վանաձորում հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին․․․» [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր