211652_close_icon
views-count1892 դիտում article-date 12:25 25-09-2019

Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի տեղակալի՝ Ռոզմարի Դիկարլոյի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ։ Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ կառույցների հետ հաստատված ակտիվ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու դրա խորացմանը և ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերը: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։ Որպես առաջնահերթություն ընդգծվեց տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության և կանանց ակտիվ ներգրավվածությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։ Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նախարար Մնացականյանը Ռոզմարի ԴիԿարլոյին տեղեկացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին, ինչպես նաև ներկայացրեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր