211652_close_icon
views-count2113 դիտում article-date 11:26 26-09-2019

Արցախի Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝ Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն ուղղված գործունեության և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար: Աշոտ Ղուլյանը, խոսելով Ավստրալիայի և Արցախի համագործակցության հեռանկարների մասին, անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը: «Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձևավորելով «Արցախի Ավստրալիացի բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը խոսել է հայ-ավսրալիական վաղեմի բարեկամության մասին հատկապես հայոց ցեղասպանության տարիներին: Խորհրդարանականը կարևորել է ավստրալահայերի դերակատարությունը՝ այն համարելով մարդկային կամուրջ՝ երկու երկրների միջև: Հյու Մաք-Դերմոթը ևս իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցելու Արցախին: «Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, և աշխարհը պետք է ճանաչի այն»,-նշել է խորհրդարանականը: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը հյուրերին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ջոն Ալեքսանդրին շնորհված «Վաչագան Բարեպաշտ» և Հյու Մաք-Դերմոթին շնորհված «Երախտագիտություն» պետական պարգևները: Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը: Ավստրալիայի խորհրդարանականներն այնուհետև հանդիպել են «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել այս տարիներին խորհրդարանականների կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս կքայլեն միասին՝ կիսելով համատեղ հաջողությունները: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության ուղղությունների ամրագրումը և պարբերական շփումների անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր