787 դիտում
16:33 27-09-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանականներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ավստրալիայի Դաշնային և Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄքԴերմոթին և Թրենթ Զինեմանին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի աշխատակազմը։
Պատվիրակության այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կողմից: Սա Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների առաջին այցն է Հայաստան: Ավստրալացի պատգամավորներին ուղեկցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Միխայլովը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծ ակնկալիք ունի, որ Հայաստանի և Ավստրալիայի խորհրդարանների միջև համագործակցությունը հնարավոր կլինի շեշտակիորեն ավելացնել: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Ավստրալիայի խորհրդարանում ծավալվող գործունեությանը՝ ուղղված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ինչպես նաև Արցախի հարցի արդարացի լուծմանը: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ ուղղությամբ ձեր ջանքերը և երախտագիտություն ենք հայտնում»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին և բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին սատարող դիրքորոշում:
Արարատ Միրզոյանը հյուրերին ուրախությամբ տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ավստրալիայում բացել դեսպանատուն: «Կարծում եմ, որ երբ այս ծրագիրն իրականանա, սա մեծ, կարեւոր պայման կլինի հարաբերությունների առավել զարգացման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հյուրերը կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով, մանրամասներ հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքներից և պատրաստակամություն հայտնել աջակցելու Արցախին:
Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ մեր հայրենիք և դրա փոքրիկ մաս՝ Արցախ կատարած այցի համար, ինչպես նաև հայկական կազմակերպությանը՝ այցը կազմակերպելու և հյուրերին ուղեկցելու համար: Արման Բոշյանը շնորհավորել է Ջոն Ալեքսանդրին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհած «Վաչագան Բարեպաշտ» և Հյու ՄքԴերմոթին՝ «Երախտագիտության» պետական պարգևների համար: Արման Բոշյանը նշել է, որ պատրաստվում են նոր հարթություն տեղափոխել միջխորհրդարանական համագործակցությունը ու համոզված է, որ այն ակտիվ է լինելու և ծառայելու է երկու երկրների շահերին:
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
11:26 26-09-2019
Արցախի Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին
1054 դիտում
19:21 19-02-2014
Նախարար Նալբանդյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին
Այս բաժնից
1984 դիտում
14:58 10-02-2025
Աշխատանք՝ 2020-ից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանց
1123 դիտում
14:21 10-02-2025
Չափավոր վերահսկողությունը պարտադիր պետք է. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին