211652_close_icon
views-count811 դիտում article-date 20:20 27-09-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի ԱԳ նախարարը։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում ընթացող աշխատանքներին և գործընթացներին: Անդրադառնալով բազմակողմ դիվանագիտության դերին և նշանակությանը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները պայմանավորվեցին առավել գործնական ջանքեր գործադրել՝ միջազգային հարթակներում անդամ-պետությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության սերտացման ուղղությամբ: Նախարար Մնացականյանն արտգործնախարարների ուշադրությանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների միասնական մոտեցումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և ամրապնդման գործում՝ այդ թվում ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտելու միջոցով: Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդունեցին երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը: [b]ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր