211652_close_icon
views-count3251 դիտում article-date 19:49 07-10-2019

Ամերիկահայ ընտանիքի հովանավորությամբ կարդիականացվի Բերձորի քաղաքային գրադարանի և Քաշաթաղի երկրագիտական թանգարանի շենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ֆրեզնոյաբնակ Փանոսյանների գերդաստանի անդամներին՝ գլխավորությամբ Գաբրիել Փանոսյանի։ Հյուրերին ուղեկցել և հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գլխավոր խորհրդական, Փանոսյանների ընտանիքի բարեկամ Կարո Խաչիկյանը։ Քաշաթաղի ղեկավար Ս․ Սարգսյանն ավանդույթի համաձայն ողջունել է հյուրերին Քաշաթաղում և համառոտ ներկայացրել շրջանի պատմությունն ու ռազմավարական նշանակությունը։ Հյուրերի խնդրանքով շրջվարչակազմի ղեկավարը պատմել է նաև ԱՄՆ-ում բնակվելու տարիներին իր կողմից համահիմնադրված «Հայրենասեր» հասարակական կազմակերպության և Քաշաթաղում վերջինիս գործունեության մասին։ Փանոսյանների անունից խոսելով՝ Գ․ Փանոսյանը ներկայացրել է, որ իրենց այցի նպատակը գերդաստանի հանգուցյալ անդամ՝ հայագետ և մանկավարժ Սարգիս Փանոսյանի կտակը կատարելն է, որ ներառում է նրա գրքերի նվիրաբերումը Բերձորի քաղաքային գրադարանին, ինչպես նաև վերջինիս շենքային պայմանների բարելավումը։ Ս․ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փանոսյանների ընտանիքին՝ իրենց եղբոր վերջին կամքն ըստ պատշաճի կատարելու համար՝ վստահություն հայտնելով, որ ամբողջ կյանքն ազգային դպրության գործին նվիրած մարդու կտակի ընծայաբերումը վերահայացած Քաշաթաղի շրջանին խիստ ազդեցիկ խորհուրդ ունի։ Ներկաներն այնուհետ այցելել են Բերձորի քաղաքային գրադարան, շնորհավորել աշխատակիցներին գրադարանավարի օրվա կապակցությամբ և գրադարանավար Անուշ Եսայանի ուղեկցությամբ ծանոթացել գրադարանային ֆոնդի մի մասին։ Շենքում շրջայց կատարելով՝ հյուրերը ծանոթացել են նաև այն սենյակներին, որ ապագայում վերանորոգվելու են և հատկացվելու գրադարանին ու թանգարանին։ Օգտվելով առիթից՝ Քաշաթաղի ամերիկահայ բարեկամները թանգարանի աշխատակից Զարուհի Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել են ցուցադրված նմուշներին։ Հրաժեշտի զրույցի ընթացքում Ս․ Սարգսյանը և Գ․ Փանոսյանը մտքեր են փոխանակել արևմտահայ գրականության զգալի միավորների՝ դեպի Բերձորի քաղաքային գրադարան տեղափոխման և ըստ այդմ՝ գրադարանը համահայաստանյան մասշտաբով արևմտահայոց գրի հավաքագրման և ուսումնասիրության յուրատեսակ կենտրոն դարձնելու ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր