211652_close_icon
views-count30723 դիտում article-date 22:27 09-10-2019

Երեւանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում եւ Ավանում

Երեւանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում եւ Ավանում։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից։ Հայաստանում հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու եւ վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում եւ վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ՝ գերազանցապես Երեւան քաղաքի Ավան եւ Էրեբունի վարչական շրջաններում, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել եւ նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը եւ նոր դեպքերի առաջացմանը: Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի հինգ դեպք, որնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ: Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երեւույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ եւ արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա եւ պատվաստվել:

Նմանատիպ նյութեր