211652_close_icon
views-count1995 դիտում article-date 18:13 14-10-2019

ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով. դատախազություն

Զինված ուժերում մահացության վիճակը, միտումները, հանգամանքները, հանգեցնող պատճառներն օրինաչափորեն շարունակում են մնալ հանրության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով, որ վերոնշյալի վերաբերյալ կանոնավոր պարբերականությամբ պաշտոնական տեղեկատվություն է հայցվում նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնում ենք հետևյալը: 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում: Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը: Դրանցից՝ 3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 4-ը՝ սպանություններ, 5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից, 1-ը՝ հիվանդությունից, 2-ը՝ դժբախտ պատահարից: Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն այս տարի ընդհանուր առմամբ զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով: Նախորդ տարվա 9 ամիսների պատկերը, ըստ պատճառների, եղել է հետևյալը. 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով), 1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով), 8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով), 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով), 3-ը՝ հիվանդությունից (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով), 1-ը՝ դժբախտ պատահարից (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով), 1-ը՝ ականի պայթյունից (նվազումը 1-ով կամ 100%-ով), 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով), 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով): Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք: Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է. 8-ը՝ հիվանդություններից (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք), 12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք), 3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք) 0՝ դժբախտ պատահարից (3 դեպք): Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ:

Նմանատիպ նյութեր