211652_close_icon
views-count1114 դիտում article-date 17:23 16-10-2019

Մարվել է նոր նամականիշ՝ նվիրված է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին

Հատուկ արարողությամբ մարվեց «Հայփոստի» միջազգային նոր նամականիշը, որը նվիրված է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր նամականիշը թողարկվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջեւ համագործակցության արդյունքում, որը սկսվել է 2017թվականին: «Ամեն տարի «Ավրորան» բացահայտում է մարդկանց, որոնք իրենց գործն են անում՝ չսպասելով ճանաչման ու գովասանքի: Նրանք իրենց կյանքն են վտանգում՝ փրկելով ուրիշներին: Իսկ մենք նրանց մասին գրեթե ոչինչ չգիտենք: Մինչդեռ նրանք են իրական հերոսները, որոնց աշխարհը պետք է ճանաչի ու վարակվի նրանց օրինակով: «Ավրորայի» հերոսների պատկերներով նամականիշ թողարկելն այս վեհանձն հերոսների մասին պատմելու մեր տարբերակն է, ինչպես նաեւ մարդասիրական շղթայի մաս կազմելու»,- ասաց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը: «Ավրորայի» նոր նամականիշը թողարկվում է 12.000 օրինակով: 350 դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Գոյացած հասույթը «Հայփոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, որն աջակցում է մարդասիրական նախագծերի 15 երկրներում՝ Աֆրիկայից մինչեւ Հարավային Ամերիկա եւ Մերձավոր Արեւելք: «Ավրորայի» նախագծերի հիմնական շահառուները երեխաներն են ու երիտասարդները, հակամարտության եւ բռնության զոհերն ու փախստականներն աշխարհի ամենահեռավոր ու անտեսված շրջաններում: «Տասնամյակներ շարունակ ես մենակ եմ եղել իմ ժողովրդի խնդիրների հետ: Ցավոք, մարդու իրավունքների խախտումներն ու մարդկության նկատմամբ հանցագործությունները շարունակվում են նաեւ XXI դարում՝ բոլորի աչքի առաջ ու գրեթե բոլորի լուռ համաձայնությամբ: Եվ առաջին անգամ ես զգում եմ, որ թիկունքս ամուր է, մի ամբողջ համայնք իմ եւ իմ ժողովրդի՝ Ռաքայն նահանգի ռոհինջա մուսուլմանների կողքին է՝ ի դեմս «Ավրորայի»: Նամականիշն իմ պատկերով չափազանց հուզիչ է եւ կարեւոր՝ մեր պատմությունն աշխարհին լսելի դարձնելու համար»,- նշեց 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը: Արարողությունից հետո մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու ժամանակավոր ցուցադրության բացմանը՝ «Սա իմ պատմությունն է. Ավրորա Մարդիգանյանը եւ կանանց պատմությունները, որ ոգեշնչում եւ զորացնում են աշխարհը»: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Նրա պատմությունը կլինի մի մեծ ցուցադրության առանցքում՝ նկարագրելով տարբեր էթնիկ ծագման կանանց արտասովոր պայքարն ու մարդասիրությունը: Այս նոր նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան է։ Նա էր նաեւ հեղինակն անցած երկու տարիներին «Հայփոստի» թողարկած նամականիշների՝ նվիրված 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին եւ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինային: [img]https://st0.shamshyan.com/editor/061947900157123135356003.jpg[/img]

Նմանատիպ նյութեր