211652_close_icon
views-count2532 դիտում article-date 21:13 22-10-2019

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Չո Լա Աունին, ով այցելել է Արցախ «Ավրորա» ֆորումի շրջանակներում: Պաշտպանն իր ակնածանքն է հայտնել հյուրի հանդեպ՝ տասնամյակներ շարունակ մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար մղած ծանր ու հետևողական պայքարի համար: «Մեծ պատիվ է Արցախում հյուրընկալել մի մարդու, ով անխոնջ պայքարում է աշխարհի մեկ այլ անկյունում տեղի ունեցող զանգվածային իրավախախտումների ու զրկանքների դեմ: Ձեր խիզախությունը կայանում է այն բանում, որ չնայած Ձեր կյանքը արտացոլումն է Մյանմայում ռոհինջա ժողովրդի հանդեպ իրականացված զրկանքների ու հալածանքների, սակայն Դուք շարունակում եք մաքառել բոլորի իրավունքների պաշտպանության համար: Խորհրդանշական է Ձեր այցն Արցախ, քանի որ մեր ժողովուրդն էլ ժամանակին ենթարկվել է նման հետապնդումների, բայց կարողացել է արժանապատվորեն դիմակայել և տեր կանգնել սեփական ճակատագրին: Այժմ մեր հանգրվաններն ու մարտահրավերները տարբեր են, սակայն նույնն են մեր արժեքներն ու տեսլականները: Ուստի, բարի գալուստ մարդու իրավունքների և արժանապատվության ամուր հիմքով Ձեր բարեկամ երկիր»,- նշել է Ա.Բեգլարյանը: Չո Լա Աունն իր հիացմունքն է հայտնել Արցախի ժողովրդի անցած ճանապարհի մասին՝ ընդգծելով, որ այն մարդու իրավունքների և ազատությունների պայքար է: Նա հակիրճ ներկայացրել է իր ժողովրդի հիմնախնդիրներն ու առկա իրավիճակը, շեշտադրել, որ առ այսօր իրենք ապրում են ծանր պայմաններում: Հյուրը երախտագիտություն է հայտնել, որ հայ ազգը, ի դեմս «Ավրորա» մրցանակի, կանգնում է կարիքավոր մարդկանց կողքին և գնահատում մարդասիրական ջանքերը ողջ աշխարհում։

Նմանատիպ նյութեր