49148 դիտում
22:00 18-10-2019
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ՊՆ զորամասի սպայի Mercedes-ը և ժամկետային զինծառայողի Land Rover-ը. կան վիրավորներ. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ռազմական ոստիկանության պետը և ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտի «Լենտռասում», բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես սպա, իսկ Land Rover-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության վարչության Էջմիածնի ռազմական ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ, գնդապետ Վահագն Աղաջանյանի գլխավորությամբ, ովքեր վթարի վայրից մեկնեցին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+