211652_close_icon
views-count1212 դիտում article-date 16:28 23-10-2019

Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին. կարևորվել են տրանսպորտի ու կապի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը

Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխախագահ Շիքսին Չենին։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ նշելով, որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարևոր գործընկերներից մեկն է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու և արդիականացնելու գործում։ Շինքսին Չենը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումը՝ հիմնված Երկրի գործընկերության ռազմավարությունում արտացոլված առաջնայնությունների վրա։ Ռազմավարությունը ԱԶԲ կառավարող խորհրդի կողմից պետք է քննարկվի այս տարվա նոյեմբերին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհին նվիրված համաժողովի շրջանակներում, զրուցակիցները կարևորել են տրանսպորտի ու կապի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը։ Քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր