211652_close_icon
views-count10309 դիտում article-date 19:08 23-10-2019

Մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Յուրի Վարդանյանը

Հոկտեմբերի 22-ին 83 տարեկանում մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Լազարի Վարդանյանը: Յուրի Վարդանյանը 1954-1959 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, իսկ 1960-1963 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրան: 1964 թ. ստացել է ֆիզմաթ. գիտ. թեկնածուի, իսկ 1971 թ.՝ ֆիզմաթ. գիտ. դոկտորի գիտական աստիճան: 2010 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ էր: 1975-2017 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան: 1974-2000 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների և ֆիզիկայի ամբիոնի վարիչ: 1973-1974 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր: 1965-1973 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ: 1960-1965 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Կենտրոնական ԳՀ ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող: Յուրի Վարդանյանի կողմից կարդացվող դասընթացներն էին՝ Էլեկտրադինամիկա և հատուկ հարաբերականության տեսություն, Տեսական միջուկային ֆիզիկա, Ընդհանուր հարաբերականության տեսություն, Տիեզերքի ֆիզիկայի ընտրովի հարցեր, Ֆիզիկայի պատմություն, իսկ նրա գիտական հետաքրքրությունների շրջանակներն էին տեսական միջուկային ֆիզիկան, աստղաֆիզիկան, գերխիտ երկնային աստղերի ֆիզիկան: ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014 թ.) Յուրի Վարդանյանը ստացել է ԵՊՀ ոսկե (2007, 2010), «Դրաստամատ Կանայան» պաշտպանության նախարարության (2009), ՀՀ վարչապետի (2010), ՀՀ «Անանիա Շիրակացու» (2000) մեդալներ, ՀՍՍՀ ԳԽ պատվոգիր (1980) և ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալ (1970): ԵՊՀ ռեկտորատի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ցավակցում ենք Յուրի Վարդանյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից:

Նմանատիպ նյութեր