211652_close_icon
views-count2911 դիտում article-date 23:10 23-10-2019

Բուխարեստում անցկացվել է «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումը

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Ռումինահայոց միության նախաձեռնությամբ Ռումինիայի ակադեմիայում կազմակերպված «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումին: Այս մասին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայի Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ռզվան Թեոդորեսկուն, Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով նաև ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռումինահայ համայնքին հղած ուղերձը։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Տրանսիլվանիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի համալսարանում գործող Հայագիտության ինստիտուտի տնօրեն Թյուդոր Սալաջյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինահայոց միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Բուխարեստի համալսարանի դասական լեզուների ամբիոնի պրոֆեսոր Ֆրանցիսկա Բալտաչեանուն, Ռումինիայի Ակադեմիայի Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն դոկտոր Անդրեյ Տիմոտինը և պատմաբան Անդրեյ Դանիել Գեորգեն: Բանախոսները ներկայացրել են հայոց լեզվի ու հայկական մշակույթի առանձնահատկությունները և հիմնական արժեքները, ինչպես նաև ռումինահայ համայնքի պատմությունն ու կարգավիճակը: Միջոցառման շրջանակներում բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներ ու մանրանկարներ, ինչպես նաև Ռումինիայի ակադեմիայի գրադարանում պահվող որոշ արխիվային փաստաթղթեր և հայերեն ձեռագրեր:

Նմանատիպ նյութեր