211652_close_icon
views-count3111 դիտում article-date 11:50 24-10-2019

Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ նախագահ, Հայաստանի ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և բժիշկ Դեյվիդ Վեգմանին: Ինչպես հայտնեցին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով կառույցի ակտիվ դերակատարությունը Արցախի խորհրդարանի արտաքին կապերի ամերիկյան ուղղության համատեքստում: Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին և դրանց արդյունքներին: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է նաև Արցախում ԱՄՆ կողմից մարդասիրական ծրագրերի շարունակման և նոր ուղղություններով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը ևս անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին և համահայկական նշանակության հարցերում նրանց հետևողական աշխատանքին: Նա նաև ԱԺ նախագահին է ներկայացրել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևն առաջ մղելու, այնպես էլ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրենց կառույցի կատարած աշխատանքը և հետագա ծրագրերը: Քննարկվել են արտերկրում գործող հայկական կառույցների համագործակցությանը և Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաներ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր